Ալյասկայի պայմանավորվածությունները ճանապարհ են բացում ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար. Պուտին

Ալյասկայում ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները ճանապարհ են բացում ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այս մասին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ ուկրաինական ճգնաժամը կարգավորելու նպատակով ջանքեր գործադրելու համար, ապա հակամարտության առաջացման համար կրկին մեղադրել է Արևմուտքին:

«Այս ճգնաժամն առաջացել է ոչ թե Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման, այլ Ուկրաինայում պետական հեղաշրջման հետևանքով, որին Արևմուտքը աջակցել է և հրահրել: Դրան հետևեցին փորձեր՝ զինված ուժերի կիրառմամբ ճնշելու Ուկրաինայի այն շրջանների և այն մարդկանց դիմադրությունը, որոնք չեն ընդունել այս հեղաշրջումը, չեն աջակցել դրան», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Գագաթնաժողովի արդյունքներով եզրափակիչ հռչակագիր է ընդունվել, որում, սակայն, Ուկրաինայի մասին հիշատակում չկա: Ուկրաինայի արտգործնախարարությունը քննադատել է դա՝ նշելով, թե զարմանալի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ընթացող ամենամեծ պատերազմը չի արտացոլվել այդքան կարևոր փաստաթղթում:

Կրեմլի խոսնակն իր հերթին Եվրոպային մեղադրել է ուկրաինական խնդրի կարգավորմանն ուղղված՝ ռուս-ամերիկյան ջանքերին խոչընդոտելու համար: Դմիտրի Պեսկովն ասել է, թե Մոսկվան պատրաստ է հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով և նույնն ակնկալում է Կիևից, այլապես կշարունակի ռազմական գործողություններն Ուկրաինայում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտին-Զելենսկի հանդիպման նախապատրաստման փորձագիտական աշխատանքները «ամբողջ թափով» չեն ընթանում. Պեսկով

«Եվրոպացիները խոչընդոտում են այս ջանքերին... ամեն կերպ հանդուրժում են և, թերևս, խրախուսում Կիևի ռեժիմին՝ շարունակելու զիջումների չգնալու բացարձակապես անհեթեթ ուղեգիծը: Սա մեծ սխալ է, այն ոչ մի օգուտ չի բերի Կիևի ռեժիմին: Հակառակը, ավելի կվատթարացնի իրավիճակը Կիևի ռեժիմի համար», - ընդգծել է Պեսկովը:

Ռուսաստանը միայն մեկ բան է անում՝ շարունակում է ներդրումներ անել պատերազմում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահն էլ երեկոյան ուղերձում հիշեցրել է՝ Թրամփը երկու շաբաթ առաջ հայտարարել է, որ Ռուսաստանը մինչև սեպտեմբերի 1-ը պատրաստ կլինի իրական բանակցությունների և առաջնորդների մակարդակով հանդիպման: Սակայն առայժմ նման ազդակներ, ըստ Վլադիմիր Զելենսկիի, Մոսկվայից չեն ստացվում:

«Ուկրաինան, անկասկած, պատրաստ է հանդիպմանը: Սակայն Ռուսաստանը միայն մեկ բան է անում՝ շարունակում է ներդրումներ անել պատերազմում: Նրանցից ստացված բոլոր ազդակները հենց դրա մասին են վկայում», - ասել է Զելենսկին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան նախատեսում է նոր հարվածներ Ռուսաստանի խորքում. Զելենսկի

Կիևն ակնկալում է, որ խնդրի կարգավորման գործում ներգրավված երկրներից ոչ մեկը չի հանդուրժի պատերազմը ձգձգելու Մոսկվայի քաղաքականությունը և կոշտ դիրքորոշում կցուցաբերի այս հարցում, հավելել է նա:

Լայեն. եվրոպական երկրները Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո զորք տեղակայելու «բավական հստակ ծրագրեր» ունեն

Այս ֆոնին Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, առանց մանրամասներ նշելու, հայտարարել է, Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու շրջանակում եվրոպական երկրները պատերազմի ավարտից հետո Ուկրաինայում զորք տեղակայելու «բավական հստակ ծրագրեր» ունեն:

Financial Times-ին տված հարցազրույցում Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել է՝ եվրոպական երկրները կակնկալեն ԱՄՆ աջակցությունն այս հարցում, ապա հավելել՝ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն կկայացնի զորք ուղարկելու որոշումը։ «Այս աշխատանքը շատ լավ առաջ է գնում», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպացի դաշնակիցներն Ուկրաինայում զորքերի տեղակայման հստակ ճանապարհային քարտեզ ունեն. ֆոն դեր Լայեն

Այսօր էլ Լիտվայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է, որ ԵՄ-ն բաց է Ուկրաինային օգնելու նպատակով ռուսական սառեցված ակտիվների հետագա օգտագործման հնարավորությունը քննարկելու համար: Ուրսուլա ֆոն դեր Լայենը հիշեցրել է, որ մինչ օրս նման միջոցներից 3.7 միլիարդ եվրո է գեներացվել, ապա հավելել է՝ մտադիր են շարունակել գործընթացը:

«Բայց մենք նաև մտածում ենք հաջորդ քայլերի և այս ակտիվները լավագույնս օգտագործելու մասին, քանի որ մեկ բան շատ հստակ է՝ Ռուսաստանը՝ գիշատիչը, պետք է պատասխանատվություն կրի իր արածի համար և պետք է վճարի պատճառած վնասի և ագրեսիայի համար», - նշել է նա։

Ֆրանսիան հայտնել է, որ եվրոպացի առաջնորդները հինգշաբթի կշարունակեն Ուկրաինայի հարցով բանակցությունները, որոնց, ըստ France Press-ի՝ կմասնակցի նաև Զելենսկին:

Իսկ մինչ այդ Ուկրաինայի խնդրանքով այսօր Բրյուսելում նախատեսված է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի ներկայացուցիչների արտահերթ նիստը: Ըստ Ուկրաինայի արտգործնախարարի՝ կքննարկվեն համատեղ քայլերը, թե ինչպես արձագանքել Ռուսաստանին, որը չի դադարեցնում պատերազմը:

Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է լարված մնալ

Ռուսական զինուժը երեկ հարվածել է ուկրաինական մի քանի բնակավայրի, Զապորոժիեում կա երկու զոհ, Խերսոնում ռուսական հարվածներից մեկ օրում վիրավորվել է 13 մարդ:

Ըստ DeepState նախագծի՝ օգոստոսին ռուսական զինուժի հարձակումները պակաս ակտիվ են եղել, քան նախորդ երեք ամիսներին:

Ուկրաինան հայտարարել է, որ առաջին անգամ ռազմադաշտում փորձարկել է մեծ հեռահարության «Ֆլամինգո» թևավոր հրթիռներ, իսկ Ղրիմում խոցել ռուսական երկու ուղղաթիռ և մեկ քարշակող նավ: Ռուսաստանը անվտանգությունից ելնելով կասեցրել է վեց օդանավակայանի աշխատանքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևից պնդում են՝ ռուսական զորքերին չի հաջողվել ամռանը լիակատար վերահսկողություն հաստատել որևէ քաղաքի նկատմամբ