ԱՄՆ-ի հետ բանակցություններն Իրանին «որևէ օգուտ» չեն բերի. Խամենեի

Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հանդես է գալիս հեռուստաելույթով, 23-ը սեպտեմբերի, 2025թ.

Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր հերթական հեռուստաելույթում հայտարարել է, որ բանակցությունները Միացյալ Նահանգների հետ Թեհրանին «որևէ օգուտ» չեն բերի, և որ Իրանը չի զիջի որևէ արտաքին ճնշման առաջ:

Նա կեղծ է որակել պնդումները, թե Իրանը բանակցություններ չի վարում։ Ըստ նրա՝ եթե կներկայացվի բանական ու արդար ծրագիր, որը կպահպանի երկրի շահերը, իրենք դա կընդունեն:

Խամենեին ընդգծել է, որ Իրանը մտնում է աշխարհի շուրջ տասը երկրների մեջ, որոնք ունակ են ուրանի հարստացման։ Միևնույն ժամանակ հիշեցրել, որ այդ մյուս երկրները զենք ունեն, իսկ Իրանը չունի, և հավաստիացրել, թե մտադիր չէ ունենալ։

Թեհրանն այս շաբաթ որոշեց՝ սառեցնում է շփումները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ առայժմ, սակայն, զերծ մնալով միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրի տակ դրված իր ստորագրությունը հետ կանչելուց։ Իրանի Անվտանգության խորհուրդն այս որոշումը կայացրել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած քվեարկությունից հետո։