Միացյալ Նահանգները և Ուկրաինան ստորագրել են հազվագյուտ հանածոների շուրջ համաձայնագիրը:
Համաձայնագիրը նախատեսում է Վերակառուցման ամերիկա-ուկրաինական ներդրումային հիմնադրամի ստեղծում, որը, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության, թույլ կտա երկու երկրներին «համագործակցել և ներդրումներ կատարել միասին, որպեսզի մեր ընդհանուր ակտիվները, տաղանդներն ու հնարավորությունները կարողանան արագացնել Ուկրաինայի տնտեսության վերականգնումը»:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը մամուլի հաղորդագրության մեջ նշել է, որ համաձայնագիրը «հստակորեն ազդարարում է Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը հիմնված է երկարաժամկետ հեռանկարում ազատ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինայի ստեղծման վրա»:
Բեսենտը ամերիկա-ուկրաինական Վերակառուցման ներդրումային հիմնադրամի ստեղծումը պատմական տնտեսական գործընկերություն է անվանել և շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա պնդել է, որ այն ստորագրվի որպես պատերազմը դադարեցնելու իր ջանքերի մի մաս:
Ուկրաինական կողմից այն ստորագրել է առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն: Ստորագրումից հետո նա հայտնել է, որ ներդրումային հիմնադրամը կլցվի բացառապես նոր լիցենզիաներից ստացված եկամուտներով։
Ավելի վաղ՝ ապրիլի 30-ին, Ուկրաինայի նախարարների կաբինետը հավանություն էր տվել համաձայնագրին: Համաձայնագիրը դեռ պետք է վավերացվի Ուկրաինայի խորհրդարանի կողմից նախքան դրա ուժի մեջ մտնելը:
Համաձայնագրի ստորագրումը նախատեսված էր փետրվարի վերջին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում։ Սակայն Զելենսկի-Թրամփ հանդիպումը թեժ վեճի վերածվեց, և փաստաթուղթը չստորագրվեց։
Շաբաթներ շարունակված քննարկումներից ու նախագահների միջև փոխադարձ մեղադրանքներից հետո փետրվարի 26-ին Կիևը հայտարարեց՝ Ուկրաինան և Միացյալ Նահանգները նախնական համաձայնության են եկել լայն տնտեսական համաձայնագրի շուրջ, որով Ամերիկան վերահսկողություն կստանա Ուկրաինայի հազվագյուտ օգտակար հանածոների նկատմամբ։
Մանրամասները տե՛ս այստեղ