Մատչելիության հղումներ

Կիևը և Վաշինգտոնը ստորագրեցին ուկրաինական հազվագյուտ հանածոների համատեղ արդյունահանման համաձայնագիրը

Լրացված

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն համաձայնագրի ստորագրումից հետո, Վաշինգտոն, 30-ը ապրիլի, 2025թ.
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն համաձայնագրի ստորագրումից հետո, Վաշինգտոն, 30-ը ապրիլի, 2025թ.

Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան ստորագրել են ուկրաինական հազվագյուտ հանածոների համատեղ արդյունահանման համաձայնագիրը, որի շուրջ բանակցել էին մի քանի ամիս: Ամերիկյան կողմից այն ստորագրել է ֆինանսների, իսկ ուկրաինական կողմից՝ էկոնոմիկայի նախարարը:

Համաձայնագիրը ցույց է տալիս Ուկրաինայում երկարատև խաղաղության և բարգավաճման հարցում կողմերի ստանձնած հանձնառությունը, ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը: Սքոթ Բեսենթը նաև նշել է՝ ժամանակն է, որ այս դաժան ու անիմաստ պատերազմը դադարեցվի:

«Համաձայնագիրը հստակ ազդարարում է Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը հիմնված է երկարաժամկետ հեռանկարում ազատ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինայի ստեղծման վրա», - հայտարարել է Բեսենթը:

Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել Վերակառուցման ամերիկա-ուկրաինական ներդրումային հիմնադրամ, որին կփոխանցվի օգտակար հանածոների, այդ թվում՝ գազի և նավթի, արդյունահանման միայն նոր նախագծերից ստացված եկամտի 50 տոկոսը: Այդ գումարները 10 տարի կուղղվեն Ուկրաինայի տնտեսության վերականգնմանը։ Հիմնադրամը կողմերը կկառավարեն հավասար իրավունքներով։ Ուկրաինան կորոշի, թե որտեղ և ինչ արդյունահանել, սակայն նոր գործարքներ կնքելու հարցում ԱՄՆ-ն արտոնություններ կունենա:

ԱՄՆ-ը կշարունակի օգնությունն Ուկրաինային, և գործարքի ստորագրումից հետո տրված օգնությունը կհամարվի ամերիկյան կողմի ներդրումը հիմնադրամում: Գործարքը չի խոչընդոտի Եվրամիությանն անդամակցելու Կիևի ձգտումներին:

Փաստաթղթում որևէ նշում չկա ԱՄՆ կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին, ինչին ձգտում էին Ուկրաինան և Եվրոպան: Նաև հիշատակում չկա գործարքի ստորագրումից առաջ ԱՄՆ տրամադրած ռազմական օգնության, ինչպես նաև այն մասին, թե արդյոք դա պարտք է, որը Կիևը պետք է վերադարձնի:

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը հայտարարել է՝ այս գործարքի նպատակն այն է, որ Ուկրաինան ԱՄՆ-ին վճարի օգնության դիմաց, որն ստացել է պատերազմի ընթացքում: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է հնարավորինս շուտ իրականացնել համաձայնագիրը:

«Այն նախատեսված է ԱՄՆ-ին ունեցած պարտքը վերադարձնելու համար ... այն հարյուր միլիարդավոր դոլարները, որ մեր հարկատուները ծախսել են Ուկրաինայում պատերազմի սուբսիդավորման վրա: Դա փոխհատուցում է ԱՄՆ-ին: Սա ամենակարևոր բաներից մեկն է, որը պետք է հասկանալ», - ասել է Միլլերը:

Իսկ ի՞նչ են կարծում օգտակար հանածոների համաձայնագրի մասին Ուկրաինայում: Ուկրաինացի պաշտոնյաները պնդում են, որ այն արտասահմանյան ներդրումներ կգրավի, կօգնի վերականգնել տնտեսությունը և կարևոր հանգրվան է Վաշինգտոնի հետ հարաբերություններում:

Սակայն Գերագույն Ռադայի ընդդիմադիր պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն պնդում է, որ Ուկրաինան մասամբ կորցնում է իր տնտեսական ինքնիշխանությունը: «Մենք հասանելիություն ենք ստանում կապիտալին, նոր տեխնոլոգիաներին և արևմտյան կառավարման չափանիշներին, բայց դրա համար վճարում ենք զիջումներով», - ասել է նա:

Այս ֆոնին Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ասել է, որ Վաշինգտոնը ներկայացրել է կարգավորման 22 պայման, որոնց Կիևը համաձայնել է: Fox News-ի հետ զրույցում Քիթ Քելլոգը նշել է՝ Կիևը մասամբ համաձայնել է նաև Ռուսաստանի տարածքային պահանջներին. - «Ուկրաինացիները պատրաստ են զիջել այն տարածքը, որը Ռուսաստանը փաստացի գրավել է, չնայած չեն պատրաստվում դե յուրե ընդմիշտ ճանաչել դրանք։ Նրանք հասկանում են, որ եթե հրադադար հաստատվի, կողմերից յուրաքանչյուրը կմնա իր զբաղեցրած դիրքերում»:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն, իր հերթին, ասել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն առաջ է շարժվում: «Երկու կողմերն էլ պետք է ձգտեն խաղաղության ... դադարեցնեն մարտերը։ Եվ կարծում ենք, որ գործարքը դեռ հնարավոր է», - նշել է նա:

Կանադայի վարչապետն էլ Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո ասել է՝ Ուկրաինան ապացուցել է, որ հանձնառու է խաղաղություն հաստատելուն։ Ռուսաստանը ևս պետք է հետևի Ուկրաինայի օրինակին, սոցցանցում գրել է Մարկ Քարնին:

«Այս պատերազմը պետք է ավարտվի, և Կանադան կշարունակի ջանքերը մեր դաշնակիցների հետ՝ Ուկրաինայի համար ազատություն, խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար», - վստահեցրել է Քարնին:

Վլադիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ Մարկ Քարնիի հետ խոսել են նաև Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին: Կանադան կիսում է Ուկրաինայի տեսակետը՝ Ռուսաստանը օր առաջ պետք է դադարեցնի կրակը, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի բանակցությունների միջոցով հասնել խնդրի կարգավորմանը, ասել է Զելենսկին:

«Մենք պատրաստ ենք երկխոսության ցանկացած ձևաչափով: Ռուսաստանը պետք է դադարեցնի իր հարձակումները և վերջ տա այս պատերազմին», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Այս ընթացքում իրավիճակը ռազմաճակատում մնում է լարված: Ռուսական զինուժը շարունակել է անօդաչուներով զանգվածային հարձակումը Օդեսայի վրա, կա 2 զոհ, 7 վիրավոր, վնասվել են տներ: Ռուսական կողմն, իր հերթին, հաղորդել է ուկրաինական անօդաչուների հարձակման մասին Վորոնեժում, Վլադիմիրում, Բելգորոդում և Խերսոնի՝ ռուսական հսկողության տակ գտնվող հատվածում, որտեղ 7 զոհ կա: Չնայած նախօրեին գլխավոր շտաբի պետի հակառակ պնդմանը՝ Ռուսաստանի նախագահը խոստովանել է, որ ուկրաինական զորքը դեռ մնում է Կուրսկի շրջանում:


XS
SM
MD
LG