ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կհանի Սիրիայի նկատմամբ երկար տարիներ գործող պատժամիջոցները:
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Շիբանին X-ում գրել է, որ նախատեսվող քայլը Սիրիայի վերականգնման ճանապարհին «նոր սկիզբ» կդառնա։
Այժմյան նախագահ Ահմեդ ալ-Շարաայի գլխավորած ապստամբները անցյալ տարվա դեկտեմբերին տապալել էին նախագահ Բաշար ալ-Ասադին։
Ռիադում ելույթ ունենալիս Թրամփը նշել է, որ պատժամիջոցները հանելու որոշումը կայացրել է Սաուդյան Արաբիայի փաստացի ղեկավարի՝ արքայազն Մոհամմեդ բին Սալմանի խնդրանքով։
Նա նշել է, որ պատժամիջոցներն իրենց դերը խաղացել են, սակայն այժմ ժամանակն է, որ երկիրը շարժվի առաջ։
ԱՄՆ-ն Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետություն էր հայտարարել 1979 թվականին, 2004-ին պատժամիջոցներ էր կիրառել և դրանք ավելի խստացրել 2011-ին՝ քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո։