«Անպատժելիության մթնոլորտ է Հայաստանում». դաժան ծեծից10 օր անց մեղադրյալ չկա. ՔՊ-ական պաշտոնյային չեն կանչել հարցաքննության

«Պետությունը պարտավոր է հատու արձագանքել, երբ օրենքն ու իրավունքը արհամարհվել են: Ու ՀՀ-ն շարունակելու է գործել այս տրամաբանությամբ», - օրենքն արհամարհողներին հատու արձագանք խոստացող վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս ելույթից մի քանի ժամ անց Աջափնյակում՝ բնակելի շենքերի բակում, կրակոցներ հնչեցին:

Օրենքն արհամարհողներից որևէ մեկին դեպքից 4 օր անց դեռ մեղադրանք չի առաջադրվել: Քննչականից «Ազատությանն» ասացին՝ երեք հոգու ձերբակալել ու բաց են թողել: Քննչականը միջնորդել է, որ նրանցից մեկը կալանվորվի, դատարանը մերժել է:

«Ամեն անգամ, երբ ես լրատվությունը նայում եմ, տեսնում եմ ինչ-որ մեկն ինչ-որ մեկին կրակել է, դա շատ մեծ պրոբլեմ է», - հայտարարել է վարչապետ Փաշինյանը:

«Այո, անպատժելիության մթնոլորտ է Հայաստանում տիրում». Ծեծված քաղաքացու կին

Որ Հայաստանում անպատժելիության մթնոլորտ է, Վերոնիկա Միքայելյանը սեփական օրինակով է համոզվում: Տասն օր առաջ են ամուսնուն դաժանաբար ծեծել, բայց մինչ օրս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, կասկածյալ անգամ չկա: Մինչդեռ, Կադաստրի նախկին աշխատակիցն ու առևանգված ամուսինը հրապարակավ մի քանի օր է՝ պնդում են՝ հաշվեհարդարը Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հրահանգով է եղել:

«Առևանգման պատավիրատուն Սուրեն Թովմասյանն է, կազմակերպիչը, պատվիրատուն Սուրեն Թովմասյանն է, ուղղակի Մհեր Խաչատրյանի հարազատ եղբայր Խաչատուր Խաչատրյանը», - ասում է Վերոնիկա Միքայելյանը:

Վերոնիկա Միքայելյանի ամուսինը, որ ծեծի հետևանքով մարմնական ծանր վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել, անուններ է տալիս. պնդում է՝ իրեն առևանգողների ու ծեծողների խմբում ՔՊ-ական պաշտոնյայի մերձավորներն են եղել, Թովմասյանի կնոջ եղբայրը, Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանի եղբայրը և մարդիկ, որ ուղիղ կապ ունեն «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Թովմասյանի հետ: Քրեական գործով մինչ օրս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Փաշինյանի թիմակցին, նրա ենթակային կամ հարազատներին հարցաքննելու վերաբերյալ Քննչական կոմիտեն ոչ մի տեղեկություն չի հայտնում:

«Արդեն 10-րդ օրն է, որ ո՛չ բացահայտված կա, հարցաքննված, ո՛չ էլ բռնված ինչ-որ հանցագործ կա», - ասում է Վերոնիկա Միքայելյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ական պաշտոնյան հերքում է իր առնչությունը նախկին աշխատակցուհու ամուսնու ծեծին

Սուրեն Թովմասյանը անցած շաբաթ հաստատել էր, որ առևանգված տղամարդուց հայոհայախառը հաղորդագրություններ է ստացել, միաժամանակ վստահեցրել, թե ինքը դեպքի հետ կապ չունի ու այդ հայհոյանքներն էլ իրենից բացի որևէ մեկը չի լսել, որ գնար ու հաշվեհարդար տեսներ:

«Հարգելիներս, ես դեռևս չեմ հրավիրվել քննչական մարմին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թովմասյանը:

Ծեծված տղամարդը Կադաստրի պետին հաղորդագրություններ է ուղարկել, երբ իր կնոջն աշխատանքից ազատել են: Դրանից մի քանի օր հետո էլ նրան առևանգել ու դաժանաբար ծեծել են:

«Եթե հանցագործները չպատժվեն, շարունակական է լինելու»

Վերոնիկա Միքայելյանը դեպքի վայրում էլ է եղել. գործանարային փակ տարածք է՝ տեսախցիկներով: Ասում է՝ ուզեն, գործն արագ կբացահայտեն:

«Եթե հանցագործները չպատժվեն, շարունակական է լինելու: Տեսնում են, եթե մարդուն օրը ցերեկով առևանգեցին, և անգամ աշխատանքի են գնում այդ մարդիկ, բնականաբար, մյուսներն էլ նույն ձևով կշարունակեն: Եվ ունի հովանավորչություն կառավարության կողմից», - ասում է կինը:

Նախաքննության տեմպերից զայրացած Վերոնիկան ասում է՝ Նիկոլ Փաշինյանին էլ է նամակ գրել, Գլխավոր դատախազին ու Մարդու իրավուքների պաշտպանին էլ: Դեռ չեն արձագանքել: Վարչապետ Փաշինյանը, որ չորս օր առաջ իր կուսակցության համագումարում խոստանում էր հատու արձագանք օրենքն ու իրավունքը արհամարհողներին, իր կուսակցին առնչվող կոնկրետ այս ամղկահարույց քրեական գործին մեղմ արձագանքեց.

«Այդ հարցերը չեն որոշվում ո՛չ վարչապետի բրիֆինգում, ո՛չ լրագրողի տված հարցում: Այդ հարցերը որոշվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ինձ հայտնի չի փաստ, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել»,- ասել է Փաշինյանը:

Իրավապահները գործողություններ են իրականացնում մանկապարտեզում

Այսօր էլ՝ ժամեր առաջ, ոստիկանները Նոր Նորքի մանկապարտեզներից մեկի բակում էին կրակոցների հետքեր փնտրում: Ահազանգողները կասկածներ ունեն, որ մանկապարտեզի պատուհանի ապակին կրակոցներից է կոտրվել: Մինչև ոստիկանների այցը՝ սոցիալական ցանցերում տեղեկություներ եղան, որ գիշերը վիճաբանություն է եղել այս մանկապարտեզի բակում, կրակոցներ են հնչել, իրավապահները, սակայն, կրակոցների մասին դեռ տեղեկություններ չեն հայտնում: