Արտախորհրդարանական ուժերի փակ հանդիպում՝ Վաղարշապատի ընտրություններին ընդառաջ

Արտախորհրդարանական ընդդիմությունը քննարկումներ է սկսել նոյեմբերին Էջմիածնի ավագանու ընտրություններին հնարավոր մասնակցության շուրջ:

Երեկ հանդիպել են մի քանի ուժեր, մտքեր փոխանակել, բայց որոշում չեն կայացրել: Ինչո՞ւ: «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահի խոսքով, այս օրակարգով առաջին հանդիպումն էր, որոշում կայացնելու պարտավորություն չունեին. «Երեկվա հավաքում կոնկրետ ձևաչափ չի հավաքվել, ուղղակի մի քանի կուսակցություն հավաքվել, քննարկել են առանց ձևաչափային պարտավորությունների: Ավելի շուտ մտքեր էինք փոխանակում, թե ներկաներից ով ինչ մարդկային, կազմակերպչական ռեսուրսներ ունի Էջմիածնում: Չէր էլ կարող որոշում լինել, որովհետև ավելի շատ մարդիկ պիտի ծանոթանան մեկը մյուսի հնարավորություններին կամ մասնակցել- չմասնակցելու ցանկությանը»:

Սուրեն Սուրենյանցն «Ազատության» հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց փակ քննարկումից: Ասաց՝ քանի դեռ պաշտոնական առաջադրումները չեն մեկնարկել, խոշորացված Վաղարշապատի ավագանու ընտրություններին ընդդիմադիրների մասնակցության հարցը փակված չէ, բայց թե երբ նորից կվերադառնան այս թեմային, հայտնի չէ:

«Ինչ վերաբերում է մասնակցությանը, ես կողմ կլինեմ ընդդիմության կոնսոլիդացված մասնակցությանը, այդ պարագայում, թերևս, արժի մեծ դաշինք ձևավորել ընդդիմադիր, որը մրցունակ կլինի իշխանության և նրա թեկնածուի հետ պայքարում», - ասաց Սուրենյանցը:

Երեկվա հանդիպմանը մասնակցել են նաև «Հայ ազգային կոնգրես»-ից, «Լուսավոր Հայաստան»-ից, «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունների ներկայացուցիչները: Դեռ պարզ չէ, թե այս ուժերը նոյեմբերին ընդդեմ իշխանության միասնական դաշինքով հանդես կգան, թե՝ առանձին-առանձին: Սուրենյանցը նաև չբացահայտեց, թե արդյո՞ք փակ քննարկման արդյունքում մարտավարական ու գաղափարական հակասություններ արձանագրվել են:

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հաստատում է՝ ընդդիմադիրների միջև դեռևս չկա համագործակցություն, քննարկումների փուլում են, դրանք էլ բացառապես տեղեկատվության փոխանակման նպատակ ունեն. «Էջմիածնի ընտրությունների վերաբերյալ հաշվի առնելով, որ մեր կուսակցությունը բավականին մեծ փորձ ունի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու, մեր օրակարգում կա այդ հարցը, այս պահին դեռևս վերջնական որոշում չունենք, չենք բացառում, որ նաև դրա շրջանակներում, բայց մենք այլ ուժերի հետ նույնպես բավականին ակտիվ քննարկում ենք, որոնց վերաբերյալ, եթե համագործակցության ինչ-որ արդյունավետ մոդել լինի, բնականաբար, հանրությունը, նաև լրատվամիջոցները կտեղեկանան», - ասաց Մեսրոպ Առաքելյանը:

«Ապրելու երկիրը» վերջին ընտրություններում տպավորիչ հաղթանակ էր տարել Էջմիածնին հարակից Փարաքար համայնքում:

«Ավելի շատ քննարկում ենք Արմավիրի մարզի մեր այլ թիմերի հետ, տարբեր քննարկուներ են լինում կուսակցությունում, դրա շրջանակում էլ որոշակի շփումներ կան այլ ընդդիամադիր ուժերի հետ: Բացառապես ինֆորմացիայի փոխանակման մակարդակի, որևէ էական քննարկում այդ հարցով դեռևս չունենք», - ընդգծեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

Առաքելյանն ասաց՝ այլ ուժերի հետ համագործակցությունը չեն քննարկում բացառապես միասնական մասնակցության ֆորմատով. «Կարևոր է, որ տեղական մակարդակում ՔՊ-ն չունենա իշխանություն, որը նաև 26 թվականից առաջ հանրության մոտ հերթական անգամ մեր այն թեզը, որ ընտրություններով հնարավոր է իշխանափոխություն, կամրապնդի, մենք այդ ճանապարհով ենք գնում: Որտեղ կարողանում ենք մենք ենք հաղթում, որտեղ չէ, աջակցում ենք, որպեսզի ՔՊ-ն չգա իշխանության»:

«Ապրելու երկրի» ներկայացուցիչը չի բացառում ընդդիմադիր ուժերի համախմբումը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին: Թե կոնկրետ ինչ տեսք կունենա այն, դեռևս վաղ է խոսել, ասաց. «Տարաձայնություններ, բացասական իմաստով չասեմ, ծրագրային, նույն գաղափարական, մենք տարբեր մոտեցնումներ ունենք, անվտանգության, կրթական, մենք չենք կարող համագործակցության գնալ մի ուժի հետ, հետո գանք իշխանության, երկրի, ժողովրդի համար ռազմավարական կարևորություն ունեցող հարցերում ունենանք տարաձայնություններ ու այդ հարցերը չլուծենք: Այս պահից մենք խոսում ենք այդ մասին, որ հետագա համագործակցությունը լինի արդյունավետ», - «Ազատության» հետ զրույցում նշեց Մեսրոպ Առաքելյանը:

Փակ հանդիպանը մասնակցած մյուս ուժերի ներկայացուցիչները հրաժարվեցին փակագծեր բացել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Դա ոչ մեկին հետաքրքիր չէ». Էջմիածնի նախկին քաղաքապետն ու սկեսուրը՝ մեղադրյալի աթոռին

Վաղարշապատի արտահերթ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 16-ին: Մայիսին քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվեց համայնքը յոթ տարի ղեկավարած ՔՊ-ական Դիանա Գասպարյանը, որից հետո ամուսնու, սկեսուր - սկեսրայրի հետ հայտնվեց մեղադրյալի աթոռին՝ ընտանիքին արտոնություններ տրամադրող գործարքների համար:

Ի տարբերություն Վաղարշապատի ընտրությունների հարցով նոր-նոր քննարկումներ սկսած արտախորհրդարանական ուժերի՝ իշխող ՔՊ-ն արդեն համայնքապետի թեկնածու ունի՝ Արմավիրի նախկին մարզպետ, այժմ Վաղարշապատի համայնքապետի պաշտոնակատար ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանն է: Հենց նրան համայնքի ղեկավար նշանակելու համար էլ, ըստ էության, կառավարությունը Վաղարշապատին միացրեց Մեխակյանի բնակավայրը՝ Խոյն ու ևս 17 այլ համայնքներ: