Հայկ Խանումյանի խոսքով՝ Արցախի կորստի վրա մեծապես երկու կարևորագույն գործոն է ազդել։ Առաջինը՝ Արցախի պաշտպանության բանակի թուլացումն է 2000 թվականից սկսած:
«Երբ կառավարման համակարգը փոխվեց, առանձին բանակ էր, Արցախում էին որոշումները ընդունվում, այդ որոշումները աստիճանաբար տեղափոխվեցին Երևան, տարրական հարցերով նմանապես։ Այդ ամենը լրջագույն ազդեցություն ունեցավ Արցախի պաշտպանունակության վրա, և ռազմի դաշտում դա երևաց», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Երկրորդ կարևորագույն խնդիրը, ինչի պատճառով, նրա համոզմամբ, ուժեղ պետություն և հասարակություն չձևավորվեց, Արցախի փակ լինելն է, այսինքն՝ տարբեր կարևորագույն հարցեր, այդ թվում՝ պաշտպանությանը վերաբերող, հանրային քննարկման չէին դրվում. «Քաղաքականությունը տաբու էր, քաղաքական խոսքը տաբու էր և հաճախ ջարդ ու փշուր էր լինում»։
Այսօր Լեռնային Ղարաբաղի վրա 2023-ի ադրբեջանական հարձակման երկրորդ տարելիցն է:
Հարցին, թե մոտ ապագայում տեսնո՞ւմ է հայերի վերադարձ Արցախ՝ Ադրբեջանի դրոշի ներքո, Խանումյանն ասաց. «Ես չեմ տեսնում որևէ վերադարձի պրակտիկ իրականացման հնարավորություն, բայց ես կարծում եմ, որ վերադարձի իրավունքի շուրջ պետք է մենք տարբեր միջազգային կառույցներից, միջազգային դատական մարմիններից, տարբեր պետություններից ռեզոլյուցիաներ, վճիռներ, որոշումներ պոկենք և ունենանք մեր դարակում։ Այսինքն՝ խոսքը վերադարձի իրավունքը ֆիքսելու մասին է, խոսքը էթնիկ զտման փաստը ճանաչելի դարձնելու մասին է, ոչ թե դրա իրագործելիության մասին այս փուլում»։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում.