Արցախի վրա հարձակման երկրորդ տարելիցին անպատասխան հարցեր ու ոչ մի ուղերձ իշխանությունից

Լեռնային Ղարաբաղի վրա 2023-ի ադրբեջանական հարձակման երկրորդ տարելիցին Եռաբլուրում միայն արցախցիներ էին ու ընդդիմության ներկայացուցիչներ, Հայաստանի ղեկավարությունից՝ ոչ ոք:

Օրվա առաջին կեսին նախագահականում իշխանական վերնախավը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մասնակցում էր պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Ճիշտ երկու տարի առաջ, անունը դնելով «հակաահաբեկչական գործողություն», Ադրբեջանը հարձակվեց ամիսներով շրջափակման մեջ առած Արցախի վրա, ավելի քան 200 մարդ զոհվեց, մեծամասամբ՝ զինծառայողներ: Մոտ մեկ շաբաթ անց Արցախն ամբողջությամբ հայաթափված էր:

Վարչապետ Փաշինյանն ինչպես նախորդ, այս տարի էլ ուղերձ, ցավակցական խոսք չասաց: Այսօր նրա ֆեյսբուքյան էջում նախ ռիլ հայտնվեց՝ Էլվինա Մակարյանի «Մայրամուտ» երգը Փաշինյանն աշխատանքային օրվա գեղեցիկ մեկնարկ էր համարել ու իր զգացողություններով առավոտյան կիսվել հետևորդների հետ: Ապա Փաշինյանին տեսանք նախագահականում՝ Անկախության տոնին ընդառաջ պետական պարգևների հանձնմանը: Հանդիսավոր արարողության օր հենց սեպտեմբերի 19-ն էր ընտրվել:

2023-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի պահին Փաշինյանը գործողությունների հասցեատեր նախ՝ ռուս խաղաղապահներին, ապա նաև՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին էր համարում: Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր Հայաստանի որոշումը վարչապետ Փաշինյանը հենց ռազմական գործողությունների թեժ պահին հրապարակեց. «ՀՀ-ին ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են, և մենք կառավարելու ենք այս գործընթացը, ինչքան էլ հասկանում ենք այս իրադրությունում էմոցիոնալ և բազմաթիվ այլ խնդիրներ, բայց մենք չպետք է հնարավորություն տանք, որ որոշ մարդիկ, որոշ ուժեր արտաքին, նաև ներքին ՀՀ պետականությունը դնեն հարվածի տակ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ


Երկրորդ տարին է՝ չի մարում՝ ո՞վ հանձնեց Արցախը բանավեճն, իսկ այսօր էլ ավելի է սրվում:

«Արցախի հարցը չի կարող փակվել»

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Արցախի հայաթափման մեղսակից գործող իշխանությանն է համարում, իսկ Արցախի հարցը, կարծում է, փակված չէ:

«21 թվականին իրենք մարդկանց խոստացել են արցախահայերի իրավունքների պաշտպանություն, նույնիսկ հայկական տարածքների դեօկուպացիա, ընտրվել են ամբողջությամբ այլ ծրագրով, ոչ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ են ունեցել, ոչ էլ Հայաստանի տարածքներն Ադրբեջանին հանձնելու: Իրենց ցանկացած հանձնում արդարացնելու համար ինչ-որ պատճառներ են գտնում, - ասաց Սաղաթելյանը, - Մենք հաշտ չենք այս իրավիճակի հետ՝ Արցախի հարցը չի կարող փակվել, և այսօրվա իշխանության ղեկին հայտնված այս խմբակը չի ներկայացնում մեր ժողովրդի ամբողջական տեսակետը: Դա զուտ Ալիև-Էրդողան-Նիկոլ Փաշինյան պայմանավորվածություն է, որ մեր ժողովրդի իրական և ամբողջական ցանկության հետ կապ չունի»:

Արցախի անկման մեղադրանքի սլաքները Փաշինյանի իշխանությունն ըստ իրավիճակի թե՛ նախկիններին է ուղղել, թե՛ 2023-ի Արցախի փաստացի ղեկավարությանը, ավելի կոնկրետ այդ պահին նախագահ ընտրված Սամվել Շահրամանյանին, որը ստորագրել է Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը: Վարչապետն ինքն էր դրանից դեռ մեկ տարի առաջ՝ 2022-ին, Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

«Ինչո՞ւ եմ ես ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Որպեսզի ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև ուրիշ ճանապարհ պարզապես չկա», - օրերս ասել էր նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Անարդար», «փաստերը նենգափոխող», «Փաշինյանի վրայից մեղքը մաքրելու փորձ». ԱԳՆ հայտարարությունը՝ քննադատության թիրախում

Օգոստոսի 8-ի նախաստորագրված պայմանագրով Ադրբեջանի հետ խաղաղությունն այլևս կայացած փաստ համարող Հայաստանի իշխանությունը դեմ է ղարաբաղյան շարժումը շարունակելուն, տեղահանված արցախցիների վերադարձի մասին ընդդիմադիրների ու հենց ղարաբաղցիների պատկերացումներն էլ իրատեսական չի համարում:

«Ու ընդհանրապես Հայաստանում և Ադրբեջանում հակամարտության մեկնարկից ի վեր փախստական դարձած անձանց վերադարձի թեմայի երկկողմ արծարծումը համարում եմ վտանգավոր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը վնասող գործոն», - ասել էր Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ոնց որ այս տան խորթ երեխան լինեմ». Արցախի կորստից 2 տարի անց

Մամիջանյանի կարծիքով՝ Արցախ վերադարձի հնարավորությունը անհնար է Փաշինյանի իշխանության օրոք


Արցախցիները, սակայն, չեն դադարում իշխանությանը կոչ անել հայ-ադրբեջանական բանակցային օրակարգ նաև իրենց հավաքական վերադարձի հարցն ընդգրկել, այդ ընթացքում չեն հրաժարվում ինքնորոշման իրավունքից:

Սերժ Սարգսյանի առաջնորդած ՀՀԿ անդամ, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Արցախի հարցը փակված չի համարում, բայց վերադարձի հնարավորությունը, կարծում է, անհնար է Փաշինյանի իշխանության օրոք:

«Արցախի ֆիզիկական գոյությունն ապահովում էր այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության անվտանգային ճարտարապետության մեկ լրիվ այլ մակարդակ և լրիվ այլ երաշխիք: Մենք պարտավոր ենք աշխարհին ցույց տալ, որ մենք տեր ենք մեր հայտարարություններին, մեր հայրենակիցներին», - ասաց պատգամավորը:

Հենց տեղահանման այս օրերին հայ գերիների շարքերը համալրեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ութ պաշտոնյաներ: Նրանց, ինչպես նաև մեկուկես տասնյակ մյուս հայ գերիների ճակատագիրը մնում է Բաքվի ձեռքում: