Աշխատանքները շարունակվում են. ԱԳՆ-ն՝ ղարաբաղյան բանակցային թղթերի գույքագրումն ավարտելու մասին

Արցախ, արխիվային լուսանկար

Աշխատանքները շարունակվում են, զարգացումների վերաբերյալ կապահովվի պատշաճ հանրային իրազեկում, Հայաստանի ԱԳՆ-ից այսպես արձագանքեցին «Ազատության» հարցին՝ ավարտվե՞լ է ղարաբաղյան բանակցային թղթերի գույքագրումը, ու արդյոք կա՞ որոշում դրանք հրապարակել-չհրապարակելու վերաբերյալ:

Ավելի քան 9 ամիս է անցել այն օրից, որ իմացվեց՝ վարչապետ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել արտաքին գերատեսչությունում եղած բանակցային թղթերը:

Փաշինյանի այս հանձնարարականից առաջ նա նախկին երեք նախագահներին բանավեճի էր հրավիրել, ստացել մերժում: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բանավիճելու փոխարեն նրան առաջարկել էր հրապարակել ղարաբաղյան կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած խաղաղության բոլոր, այդ թվում՝ 2019-ի հունիսի պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները։ Նաև ընդդիմադիր գործիչներն են կրկնել հրապարակման կոչը՝ ի պատասխան վարչապետի պնդման, թե «1994-ից, այսինքն՝ հրադադարից հետո բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը հանձնարարել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը» 

Ամիսներ անց Նիկոլ Փաշինյանը կրկին թարմացրեց նախկին ղեկավարների հետ բանավիճելու իր հրավերը, ի պատասխան Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Թող հրապարակի բոլոր փաստաթղթերը: Հրապարակի, արդեն վեճը վերջացած կլինի»:

Իշխանության և ընդդիմության տարբեր մեկնաբանությունները



Ընդդիմադիրների մատնանշած պլանը հենց Փաշինյանի իշխանության շրջանում է ստացվել, հիմա, երբ Մինսկի խումբը լուծարված է, այդ հարցում էլ կաշկանդվածություն չկա, ո՞րն է չհրապարակելու պատճառը: ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասում է՝ քաղաքական կաշկանդվածություն չկա, բայց դրանք միայն Հայաստանի փաստաթղթերը չեն:

Մինչ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը 2019-ի պլանը փայլուն է որակում, պնդում, թե դա Արցախը հայկական կպահեր, իշխանությունից հակադարձում են՝ բանակցային բոլոր առաջարկները ենթադրում էին, որ Ղարաբաղը պետք է լիներ Ադրբեջանի կազմում:

«Եթե այն իրագործվեր, մենք կունենայինք մի իրողություն, որ ընդամենը պետք է 5 շրջան հետ հանձնեինք Ադրբեջանին, և կնքվեր լիակատար խաղաղություն՝ խաղաղարար զորքերով, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման հարցը շաղկապվում էր Քելբաջարի և Լաչինի ոչ միջանցքային մասի վերադարձի հետ: Սա մի փայլուն լուծում էր իրականում, որովհետև դա նաև դրդելու էր Ադրբեջանին, եթե նա ուզում էր Քելբաջարը ետ ստանալ, գնալ կարևորագույն զիջումների Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում», - ասել է Զուրաբյանը:

Իսկ կոնկրետ ի՞նչ կար 2019-ի առաջարկում. մինչ բուն փաստաթուղթը չի հրապարակվում, ՔՊ-ի պատգամավոր Արման Եղոյանը Factor TV-ի հետ զրույցում է կարգավորման պլանի մանրամասներից խոսել. «Կետ առաջին՝ 5 շրջանի վերադարձ, կետ երկրորդ՝ կոմունիկացիները ապաշրջափակվում, կետ երրորդ՝ խաղաղապահներ են մտնում Լեռնային Ղարաբաղ: Միջազգային երաշխիքներ չէին, ռուսական երաշխիքներ էին»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի վրա հարձակման երկրորդ տարելիցին անպատասխան հարցեր ու ոչ մի ուղերձ իշխանությունից

Պնդելով, թե այդ փաստաթուղթը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության ամփոփումն էր, իշխող ՔՊ-ն միաժամանակ չի հստակեցնում՝ ի՞նչ է տեղի ունեցել Մինսկի խմբի համանախագահների 2019-ի այդ առաջարկների հետ: ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը պնդում է՝ Փաշինյանը մերժել է բանակցություններն այդ պլանի շուրջ:

Թե՛ ԱԺ փոխխոսնակ Ռուբինյանը, թե՛ իշխանական պատգամավոր Եղոյանը միաբերան պնդում են՝ մերժում չի եղել: Բայց թե ի՞նչ է եղել, եթե՝ ոչ մերժում, կոնկրետ չեն պատասխանում:

«Մենք մեր իշխանության օրոք չենք մերժել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ առաջարկ, հետևաբար ամեն ինչ, որ ասում է սրան հակառակ, սուտ է», - ասել է Ռուբինյանը:

2019-ին, եթե ընդդիմության նշած ժամանակահատվածը ճիշտ է, Նիկոլ Փաշինյանն արդեն արել էր իր հայտնի հայտարարությունները, այդ թվում, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան:

ԱԳՆ կայքում դեռ անհասանելի է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինը

Մինչ այդ Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում անհասանելի է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինը՝ վերնագիրը կա, բովանդակությունը՝ ոչ:

Իսկ էջն անհասանելի դարձավ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովի՝ անցած փետրվարի հայտարարությունից հետո, որտեղ նա բաց տեքստով ասել էր՝ Բաքվի համար անընդունելի է ԱԳՆ կայքի ձևակերպումը, որ «Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է»:

Դեռ անցած տարի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Ազատությանը» փոխանցել էր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել, բովանդակությունն արտացոլված կլինի «պատշաճ ժամկետներում»։ Թե ո՞րն է այդ պատշաճ ժամկետը, խոսնակը չէր հստակեցրել։ Փաստն այն է, որ խափանումն արդեն մեկուկես տարուց ավելի շարունակվում է: