Մինչ Ադրբեջանի նախագահը հայտարարում է իրենց ռազմական ներուժը մեծացնելու, զգոն լինելու և Հայաստանի հանդեպ մշտապես առավելության դիրքերից հանդես գալու մասին, պաշտոնական Երևանը վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից երկու շաբաթ անց ազդարարում է՝ արդեն հաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն գուցե չմեծանա: Դատելով հայ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ անձամբ վարչապետի խոսքերից, 2026 թվականին պաշտպանական ծախսերի զգալի ավելացում չի սպասվում:
«Ես կարծում եմ, որ մենք 2026 թվականի պետական բյուջեում գուցե թե պաշտպանական ծախսերի էական ավելացումներ կա՛մ չունենանք, կա՛մ ընդհանրապես չունենանք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նախօրեին այս մասին խոսեց, նույն այդ ժամերին Քելբաջարում բնակիչների հետ հանդիպմանն Իլհամ Ալիևը հայկական կողմին մի քանի անգամ թշնամի անվանեց ու պնդեց՝ իրենք ամեն պահի պետք է պատրաստ լինեն պատերազմի:
«Իրադարձությունների ընթացքն աշխարհում այնպիսին է, որ անհնար է կանխատեսել, թե ինչ կլինի վաղը: Մեր անվտանգության երաշխավորը մենք ինքներս ենք՝ պետությունը, ժողովուրդը և մեր զինված ուժերը: Դրա համար էլ, եթե որևէ մեկի հիվանդ գլխով անցնի Ադրբեջանի դեմ սադրանքի գնալ, կարծում եմ՝ նրանք դարձյալ կզղջան դրա համար, իսկ մենք այսուհետ կապրենք որպես հաղթած ժողովուրդ ու հաղթող պետություն», - հայտարարեց Ադրբեջանի նախագահը:
«Նախ ուզում եմ բոլորիս շնորհավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության առիթով, որ տեղի ունեցավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի արդյունքում», - Նիկոլ Փաշինյանի այս խոսքերին գրեթե զուգահեռ Իլհամ Ալիևը հպարտանում էր Ադրբեջանի ռազմական կարողություններով.
«Ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքեր, հրթիռային համակարգեր են ներկրվել մեր երկիր: Նոր ռազմական ինքնաթիռներ ձեռք բերելու պայմանագրեր են կնքվել, իսկ եղածներն ամբողջությամբ արդիականացվել են»:
Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո Բաքուն շարունակում է ոչ միայն սպառազինությամբ ու ռազմական հաջողություններով պարծենալ, այլև ճաղերի հետևում պահել տարիներ շարունակ խաղաղության համար պայքարած ադրբեջանցի ակտիվիստներին. հայերի օգտին լրտեսության մեղադրանքով ազատազրկված Բահրուզ Սամադովն օրերս բանտից հարցնում էր՝ եթե խաղաղության համաձայնագիր են ստորագրում, ապա ինչո՞ւ իրեն ազատ չեն արձակում:
Հայաստանում պաշտոնյաները շեշտը խաղաղության ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վրա են դնում: Երեկվանից էլ ակտիվացան պաշտպանական բյուջեի շուրջ քննարկումները. ֆինանսների նախարարը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց պաշտպանական ծախսերի մասնաբաժինը նվազեցնելու մասին:
«Հիմա, իհարկե, աշխատում ենք բյուջեի փաստաթղթի վրա, որտեղ բոլոր մանրամասներով դա կներկայացնենք, և, այո, էդտեղ նաև պլանավորված է, որ Պաշտպանության նախարարությանն ուղղվող ծախսերի մասնաբաժինն ընդհանուրի մեջ կնվազի՝ համեմատած 25 թվականի հետ», - հայտարարեց Վահե Հովհաննիսյանը:
Այս տարի Կառավարությունը Պաշտպանության նախարարությանը մոտ 665 միլիարդ դրամ կամ 1.7 միլիարդ դոլար է հատկացրել: Սա Հայաստանի ամբողջ պետական բյուջեի ավելի քան 19 տոկոսն է: Նախարարի խոսքից պարզ չէ՝ ծրագրում են բացարձակ թի՞վը նվազեցնել, այն անփոփո՞խ թողնել, թե՞ մյուս ուղղություններին ավելի շատ գումար տրամադրելով նվազեցնել ռազմական ոլորտի մասնաբաժինը:
Ադրբեջանի ռազմական բյուջեն այս տարվա համար մոտ 5 միլիարդ դոլար է կազմել կամ ընդհանուր ծախսերի մոտ 21 տոկոսը: Պաշտպանական ծախսերի մասնաբաժինը հարևան երկրում ավելի մեծ է:
Քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի գնահատմամբ՝ Երևանն այսպիսով փորձում է փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծել Բաքվի հետ, պաշտպանական բյուջեի վերաբերյալ հայտարարություններն էլ նպատակ ունեն հավաստիացնել Բաքվին, որ Հայաստանը սպառնալիք չէ:
«Փորձը, միանշանակ, կառուցողական դիրքրոշում ցույց տալուն է ուղղված, ինչպես նշեցի, հույս ունենալով, որ Ադրբեջանը փոխադարձաբար կհանդարտվի, էս փորձերը մինչ այս լուրջ հաջողություններ չեն ունեցել՝ զսպելու Ադրբեջանի այդ մաքսիմալիզմը, հետևաբար՝՝ կարող ենք ենթադրել, որ նաև մեծ ակնկալիքներ չեն կարող լինել այս փորձից ևս», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Թե Հայաստանի հաջորդ տարվա բյուջեի նախագծում ինչ թվեր կլինեն, դեռ պարզ չէ. Կառավարությունը սովորաբար սեպտեմբերի վերջին է փաստաթուղթը ներկայացնում և հետագա քննարկումների համար Ազգային ժողով ուղարկում: