Երկրորդ քահանան է ընդվզում հոգևոր վերնախավի դեմ

Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյան, արխիվ

«Այսպես շարունակելն անկարելի է», - երկրորդ քահանան է այս խոսքերով ընդվզում հոգևոր վերնախավի դեմ: Հովհաննավանքի քահանա Տեր Արամից հետո հիմա էլ Տեր Թադեն է՝ Թալինի հոգևոր հովիվը:

«Ես միանում եմ Տեր Արամի արդար ձայնին, քանզի այլևս չեմ կարող լուռ մնալ։ Ես Տեր Արամի խոսքում տեսնում եմ ճշմարտության ձայն, ոչ թե ապստամբության կոչ։ Դրան ի պատասխան արդար խոսքը պատժվում է, իսկ հայհոյախոս խավարը, քահանայի պատմուճանի տակ՝ ողջունվում», - հայտարարում է Թադե քահանա Թախմազյանը:

Տեր Թադեն ցավով է նկատում՝ եկեղեցական զազրելի բարքերի մասին ահազանգելուց հետո Արամ քահանան թիրախ է դարձել, նրան եղբայր-քահանանաները ոչ թե քննադատում են, այլ, ըստ Տեր Թադեի, հայհոյում անդաստիարակ սրիկաների պես. - «Սա վկայում է, որ մեր Եկեղեցու ներսում եղբայրսիրությունը վտանգված է, իսկ ազատ խոսքն՝ անարգված»։

Քահանաների նկատմամբ եպիսկոպոսաց դասի ճնշումների, ազատ խոսքի արգելքի, բռնությունների մասին Տեր Արամն էր գրել: Նրանց ֆեյսբուքյան տեքստերում եկեղեցական բարքերի քննադատություն է, այս ինստիտոտոը նորոգելու անհրաժեշտությունը, բայց բառ չկա այն մասին, թե արդյոք միանում են Նիկոլ Փաշինյանի հռչակած հակակաթողիկոսական արշավին: Հունիսից վարչապետը Վեհափառի գահը Գարեգին Երկրորդից ազատելու գործ է ձեռնարկել և ապավինում էր ամուսնացյալ քահանաներին: Հայ Առաքելական եկեղեցու շուրջ 700 քահանաներից հրապարակային քննադատություն առայժմ երկուսն են ասել:

«Եվ բարի երեկո, թանկագին գանձեր, այսինքն՝ Թավշյա հաղթանակած հեղափոխության նվիրյալներ». - վանաձորցի ՔՊ-ական ակտիվիստ Ռոբերտ Աղազարյանը Տեր Թադեի աղմկոտ մեղադրանքներից հետո հայտարարեց՝ միայն այս երկուսը չեն:

«Այսպիսի հոգևորականներ շատ կան, ուղղակի ոմանք վախենում են, ոմանք չեն ուզում զրկվել աշխատանքից, ծառայությունից: Այո, Վանաձորում էլ կան հոգևորականներ գործող, սակայն դեռ սպասում են, սպասում են», - վստահեցրեց վանաձորցի ակտիվիստը:

Աղազարյանը Գուգարքի թեմում քարոզչության պատասխանատու է եղել շուրջ 25 տարի առաջ: Պնդում է՝ կան քահանաներ, որ աջակցում են Փաշինյանի սկսած գործին, բայց դեռ չեն խոսում:

Թեմի քահանաները հայտարարություն են տարածել, որում Աղազարյանի հայտարարություններն անպատասխանատու և կեղծ են որակում ու արգելում որևէ մեկին իրենց անունից խոսել:

Գուգարքի թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը վստահեցնում է՝ թեմի 17 քահանաներն էլ համախմբված են, անհնազանդներ չկան. - «Մեր թեմից չի կարող լինել, որովհետև բոլորն էլ հասուն մարդիկ են, գիտակից մարդիկ են և բոլորն էլ դատապարտել են»:

Եկեղեցական բարքերը կոշտ քննադատած երկու քահանաներն էլ նույն՝ Արագածոտնի թեմից են: Այս թեմի առաջնորդը Կաթողիկոսի քրոջորդին է՝ Մկրտիչ եպիոսկոպոս Պռոշյանը: Թալինի հոգևոր հովվի՝ Տեր Թադեի էջը լի է նրա լուսանկարներով ու թեմի հայտարարություններով, թե «կանգնած ենք ազգընտիր Վեհափառի կողքին»: Քահանայի էջում նաև որդիական շնորհակալությունն ենք կարդում՝ ուղղված Կաթողիկոսին ու Մկրտիչ եպիսկոպոսին՝ իրեն Միացյալ Նահանգների Արևմտյան թեմ ուղարկելու առիթով:

Ինչո՞ւ էր այս քահանան լռում նախկինում և ինչո՞ւ է խոսում հիմա՝ հակակաթողիկոսական արշավի այս փուլում: Տեր Թադեն հարցազրույցից հրաժարվեց:

Դատելով Արագածոտնի թեմի առաջնորդի անցկացրած քահանայական ժողովների լուսանկարներից՝ ձայն հանելը այս կողմերում բարդ գործ է. սրբազանի ծանր հայացքի ներքո շատ մռայլ դեմքերով շարված են քահանաները:

«Չեմ տեսնում դրա մեջ ինչ-որ սոսկալի մի մեղք, ինչ-որ հեղափոխական ինչ-որ բաներ, այդ ամենը մենք կուսումնասիրենք, հանգիստ կքննենք: Ի վերջո, ամեն մի ինստիտուտում կա իր ներքին կադրային հարցերը, կա իր ներքին կարգապահական հարցերը, և դրանք այն բաներն են, որոնք բնավ չի հուզում այսօր մեզ ինչ-որ ձևով», - ասաց Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի ատենապետ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

«Հուզված չենք, անհանգիստ չենք», - ասում է Նաթան սրբազանը: Կարծում է՝ երկու անհնազանդ քահանաներին կարգալույծ անելն այն է, ինչ իշխանությունը կուզեր: Ենթադրվում է՝ հենց այդ պատճառով էլ Մայր Աթոռն այդ հարցը դեռ չի քննարկել:

«Սկի չի քննվել, ի՞նչ կարգալույծի մասին է խոսքը», - ընդգծեց Նաթան արքեպիսկոպոսը:

Առաջիկայում, այնուամենայնիվ, երկու քահանաների հարցը Մայր Աթոռում քննվելու է, «Ազատություն»-ը տեղեկացավ էջմիածնական եպիսկոպոսներից մեկից:

Մինչև այդ, Նիկոլ Փաշինյանի կուսակցական ընկերները ծափահարում են նրանց:

«Եկեք քաջալերենք նրանց ծափահարություններով նաև կառավարող ուժի այս համաժողովում». - «Քաղաքացիական պայմանագրի» համաժողովում վարչապետը վերահաստատել էր՝ Վեհարանը պիտի ազատեն, ասել էր՝ «նուրբ հարց է, կգործենք նրբորեն»: Չորրորդ ամիսը լրացավ՝ «Վեհարանը՝ վեհի» շարժումը մերթընդմերթ ցնցում է համացանցը, և միայն այդքանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կան եպիսկոպոսներ, որ ոչ թե եկեղեցի, այլ քաղաքականություն են մտնում. Արամ քահանաԱրագածոտնի թեմն արձագանքել է Հովհաննավանքի քահանայի շուրջ սկանդալինՄայր Աթոռի կարգապահական հանձնախումբը Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամի հարցը չի քննարկել«Զազրելի բարքեր ու բարձիթողի կանոններ». Տեր Արամ քահանան քննադատում է եկեղեցական բարձրաստիճաններին