Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամի հարցը չի քննարկել, տեղեկացնում է հանձնախմբի անդամ Հովնան Եպիսկոպոս Հակոբյանը։
«Երբ որ թեմակալ առաջնորդը ներկայացնի Էջմիածնին, այդ ժամանակ նոր կքննարկվի», - ասաց նա։
Եպիսկոպոսը կասկած չունի Նիկոլ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավի չորս ամիսների ընթացքում եկեղեցուն քննադատած միակ գործող հոգևորականը գործի է անցել փաշինյանականների դրդմամբ. «Իրենց հեղինակած ծրագիրն է։ Ինչո՞ւ իրեն հրահրեցին, ինչո՞ւ իրեն բան արեցին, ինչե՞ր խոստացան. հարցեր են, որ բոլորի մոտ առաջանում են: Ինչ էլ խոստացել են, չի վայելելու»։
Տեր Արամ քահանան քննարկվող դեմք է արդեն 10 օր։ Սոցցանցի իր էջում մի քանի գրառում էր արել, իր ձևակերպմամբ, եկեղեցական զազրելի բարքերի ու բարձիթողի կանոնների մասին։ Ահազանգում է՝ բարձրաստիճան կուսակրոն հոգևորականները ամուսնացյալ քահանաներին վախեցնում են, լռեցնում, ստորացնում, ատամները փշրում։ Ո՞վ, ովքե՞ր. Հովհաննավանքի քահանան մինչև այժմ անուններ չի տվել, կտրուկ հրաժարվում է հարցազրույցներից:
Որ հնարավոր է նրան այս ամենից հետո կարգալույծ անեն, գրում էին վարչապետի ընտանիքին ու կուսակցությանը պատկանող լրատվամիջոցները, Հանրային հեռուստաընկերությունը, այսպիսի տագնապ իշխանական պատգամավորներից Ղազարյանն էլ ուներ և այն որպես հարց ուղղեց վարչապետ Փաշինյանին։
«Միանշանակ և աներկբա իմ աջակցությունն եմ հայտնում առաջին հերթին որպես Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ Տեր Արամին», - նշեց Փաշինյանը։
Հայ առաքելական եկեղեցու հետևորդ Փաշինյանը վանքի անունը շատ լավ չգիտեր, Տեր Արամի անունը անգիր գիտեր. «Հովնան վանքի հոգևոր առաջնորդ Տեր Արամի դեպքը, ով, այո, հրապարակային խոսել է եկեղեցում առկա խնդիրների մասին»։
Փաշինյանը կարծում է՝ քահանայի կարգապահության հարցը Մայր Աթոռը պիտի հրապարակային քննի, որ պարզաբանվի՝ ինչ կանոն է խախտել քահանան: Հոգևորականը նաև Հայաստանի քաղաքացի է և ունի խոսքի իրավունք, հիշեցնում է վարչապետը։
Տեր Արամի գրառումներում խոսքը հոգևոր նորոգման անհրաժեշտության մասին է։ Ճիշտ նույն նպատակն է հետապնդում նաև եկեղեցու հետևորդ Փաշինյանը. «Այնտեղ անձնական ոչ մի հարց բարձրացված չի։ Խոսքը վերաբերվում է մեր հոգևոր կյանքին»։
Տարին երկու անգամ քահանայական ժողովներ են հրավիրվում, որտեղ նաև համարձակ հարցեր են բարձրացվում, պնդում է Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։ Ի վերջո Վեհափառի հետ կարող ենք քննարկել՝ ինչն էլ տեղի է ունեցել Տեր Արամի դեպքում. «Եթե նման հարց կար, ինչի՞ ինքը չի բարձրացրել, որովհետև Մայր Աթոռը ունի այդ բոլոր հարթակները, որ մեկը եթե նեղված է կամ խնդիր ունի, կարող է ինքը այդ հարցը բարձրացնել, և վերջիվերջո ցանկացած մեկը, եթե չի վստահում այդ հարթակներին, կարող է անձամբ կաթողիկոսին հանդիպել, ինչը և Տեր Արամը հանդիպել է, և շատ լավ բանով բաժանվել են Վեհափառից»։
Ի՞նչ կարծիք ունի այս ամենի մասին Արագածոտնի թեմի առաջնորդը, ի՞նչ խնդիր է ծագել նրա և քահանայի միջև: Մկրտիչ եպիսկոպոսն, ի դեպ, կաթողիկոսի քրոջ որդին է: Նա մեր հեռախոսազանգերը անպատասխան է թողնում: Փորձեցինք գտնել նրան թեմի առաջնորդարանում, ասացին՝ տեղում չէ:
Ըստ Մայր Աթոռում քննարկվող վարկածի, քահանան ծիսական սխալ է թույլ տվել:
Սոցցանցում տարածված մկրտության դրվագում Տեր Արամը մեռոնը փոքրիկ տղայի խաղալիք վերամբարձ կռունկի մեջ է դնում և խաղալով էլ օծում փոքրիկին։ Ի՞նչ կա այստեղ։ Ըստ Հովնան եպիսկոպոսի, մյուռոնը Սուրբ Հոգու խորհրդանիշ է ու դրանով չեն խաղում։ Այնուամենայնիվ, ընդգծում է՝ այս դրվագը, եթե քննարկվել է, ապա սրան որևէ պատիժ չի հետևել։
Ի՞նչ ընթացք կստանա Տեր Արամի հոգևոր կարիերան։ Հովնան Սրբազանի խոսքով, որքան էլ քահանան իր գրառումներով խախտած լինի հնազանդության ուխտը, այնուամենայնիվ, կարգապահական հանձնախումբը պատժիչ մարմին չէ, կսպասեն. «Ամեն մեկն էլ կարող են սխալ գործել, բայց խնդիրը այն է, որ սխալի մեջ չմնալ»։
Իսկ Հայաստանի վարչապետը երեկ վերահաստատել է՝ պլանները տեղում են, Վեհափառը պիտի ազատի Վեհարանը։
Էջմիածնում հոգևոր հավաքի ժամկետներն ու բովանդակությունն են քննարկում։ Հընթացս Փաշինյանը ամենայն լրջությամբ քննում է համակարգող խորհրդի անդամության թեկնածուներին՝ հավատո՞ւմ են Հիսուսին, արդյոք ամբողջ հոգո՞վ։