«Ես թաղապետի հարցով չեմ զբաղվի, կան իրավապահներ». Փաշինյանի արձագանքը թաղապետարանի ծեծկռտուքին

«Որևէ բռնություն չի կարող ընդունելի լինել մեզ և ինձ համար, դա «Քաղաքացիական պայմանագրի» գաղափարախոսության մաս է», - խորհրդարանի ամբիոնից հայտարարեց վարչապետը՝ անդրադառնալով Նորք Նորք վարչական շրջանի թաղապետարանի շենքում տեղի ունեցած բռնությանը:

Պատգամավորը հարցրեց՝ այդ դեպքում ինչո՞ւ է պաշտոնավարում ակտիվիստին ծեծի ենթարկած թաղապետը, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ թաղապետի հարցով ինքը չի զբաղվելու, այդպես էլ չպատասխանելով պատգամավորի մյուս հարցին՝ արդյոք կիսո՞ւմ է Երևանի ավագանիում ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության այն դիրքորոշումը, որ այդ ծեծը Հայաստանի ինքնիշխանության համար էր:

«Դատապարտում եմ կոնկրետ դեպքը, որքան տեղյակ եմ՝ Երևանի մեր գործընկերները այդ խնդիրը կոմունիկացրել են նաև մեր կոալիցիոն գործընկերներին: Թաղապետի հարցով պետք է զբաղվեն իրավապահները, իսկ երբ հարցը դառնա քաղաքական հարց, դա ունի նաև քաղաքական գործիքներ, որոնք կկիրառվեն»,- հավելեց Փաշինյանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ դա եղել է կոռուպցիոն կասկածների մասին ակտիվիստների ահազանգից հետո, վարչապետը պնդեց. - «Կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված որևէ մարդ չի կարող լինել մեր թիմից, եթե պարզվի, որ ներգրավված է, ինքը չի կարող լինել մեր թիմից»:

Նոր Նորքի թաղապետարանում ապրիլի 30-ի ծեծի դեպքով մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով մեղադրանք է առաջադրվել 4 հոգու, այդ թվում՝ թաղապետին։ Երևանի խնդիրների մասին ահազանգող ակտիվիստ Արթուր Չախոյանն ու ավագանու ընդդիմադիր անդամն էլ մեղադրվում են խուլիգանության համար:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ես դատավորի դեր չեմ ստանձնելու». Ավինյանը՝ Նոր Նորքի թաղապետարանում ծեծի մասինՊաշտոնանկություն կլինի՞. քաղաքապետը չի շտապում գնահատել ակտիվիստին ծեծած իր ենթակայի վարքը Երևանի ավագանիում կոալիցիան չի փլուզվում, Նոր Նորքի թաղապետն էլ շարունակում է պաշտոնավարելՆոր Նորքի թաղապետարանում ծեծի դեպքով երկու քրեական գործ՝ 6 մեղադրյալով, նրանց թվում է թաղապետըՎեճ, ծեծ Երևանի Նոր Նորքի թաղապետարանում՝ թաղապետի մասնակցությամբ