Մատչելիության հղումներ

Երևանու ավագանիում կոալիցիան չի փլուզվում, Նոր Նորքի թաղապետն էլ շարունակում է պաշտոնավարել


«Հույս չունենաք», «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն այսպես է փորձում փակել երեկվանից ծավալվող թեման։ Նրա թիմակից՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի վարչական ղեկավարը, ըստ մամուլի, ասել է՝ եթե Ավինյանը որոշի հեռացնել Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին, «մենք բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները»։

Երևանը կառավարող կոալիցիան կփլուզվի՞։ Արամ Սարգսյանը այս հարցին պատասխանում է․ «Հանրապետություն» կուսակցությունը Երևան քաղաքում կոալիցիա չի կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ պաշտոններ ունենալու մոլուցքով։ Մենք գաղափարական ենք, պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին և մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին»։

2023-ի ավագանու ընտրություններում որևէ ուժ 50+1 ձայն չհավաքեց։ Տիգրան Ավինյանը քաղաքապետ ընտրվեց «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիայով, մի քանի ձայն էլ՝ «ԴՕԳ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի ղեկավարած ուժից պետք եկավ։ Այն, ինչ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարն է ասել, թե ավագանու, թե խորհրդարանի ընդդիմադիրները շանտաժ էին որակում՝ ասելով, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Երևանում իշխանությունը չկորցնելու համար «Հանրապետություն» կուսակցության ձեռքում պատանդ է դառնում՝ ծեծող թաղապետին պաշտոնանկ չի անում։

«Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ իշխանությունն արտահերթ ընտրություններից սարսափում է այնպես, ինչպես սատանան՝ խունկից։

Այժմ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում է՝ կոալիցիան փլուզելու մտադրություն չկա։ Պաշտոններից հրաժարվեն էլ, կոալիցիան կմնա։ Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լևոն Լևոնյանը պնդում է՝ շանտաժի թեմա չկա, Ավինյանը կաշկանդված չէ որևէ մեկին աշխատանքից ազատելու հարցում։

Իսկ պատմության գլխավոր հերոսը՝ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը, ակտիվիստ Արթուր Չախոյանի ծեծի աղմկոտ միջադեպի երրորդ օրը՝ այսօր, դեռ պաշտոնավարում է։ Նրա հրաժարականի հարցը հարազատ «Հանրապետություն» կուսակցությունը չի քննարկում, քաղաքապետ Ավինյանը նրան պաշտոնանկ անելու մտադրություն չունի։ Ճիշտ է՝ շարունակում են չողջունել բռնությունը։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG