Այսօր առավոտյան նոր նորքի թաղապետարանում ծեծված ակտիվիստ Արթուր Չախոյանն ազատ է արձակվել, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը:
Չախոյանը, փաստաբանի փոխանցմամբ, կշարունակի հոսպիտալացված մնալ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ -ում։
«Ակնկալում եմ քննչական մարմնից խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն, համապատասխան քրեաիրավական գնահատական` ի դեմս Նոր Նորքի թաղապետի ու նրա առերևույթ հանցակիցների», - նշել է Եփրիկյանը:
Ակտիվիստ Արթուր Չախոյանին Նոր Նորքի ոստիկանությունից ավելի վաղ շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց: Նրա դեմքին տեսանելի էին վնասվածքները, որ այսօր ստացել էր Նոր Նորքի թաղապետարանում, երբ գնացել էր մասնակցելու հանրային քննարկման:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և մի քանի այլ անձինք հարվածել էին ակտիվիստին: Ինչպես երևում է լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում, մինչ քննարկումը վիճաբանություն է սկսվում, Չախոյանի նկատմամբ բռնություն է գործադրվում:
Քննչականի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է, որ տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Բացի Չախոյանից միջադեպի գործով կա ևս 5 ձերբակալված: Ըստ «Ազատության» տեղեկությունների՝ Նոր Նորքի թաղապետը ձերբակալվածների թվում չէ։