Եթե Թրամփը գործարք է ցանկանում, պետք է հրաժարվի «անհարգալից» տոնից. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, թե փրկել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մահից։

«Եթե Թրամփը իրականում ուզում է բանակցել, ապա պետք է հրաժարվի Իրանի Գերագույն առաջնորդի՝ մեծն այաթոլլա Խամենեիի հասցեին օգտագործած անհարգալից և անընդունելի տոնից ու դադարեցնի իրեն անկեղծ սատարողների սրտերը ցավեցնող արտահայտությունները», - գրել է Արաղչին X-ում։

Թրամփը հայտարարել էր, որ ինքը իմացել է Խամենեիի գտնվելու ստույգ վայրը, սակայն «չի թույլատրել վերացնել նրան»:

Հունիսի 26-ին Արաղչին շեշտել էր, որ դիվանագիտական աշխատանքները շարունակվում են, և շփումներ կան տարբեր ուղիներով, բայց հավելել, որ «ոչ մի համաձայնություն, պայմանավորվածություն կամ խոսակցություն չկա նոր բանակցություններ սկսելու մասին»։