Վաշինգտոնում ընդունված հայ-ամերիկա-ադրբեջանական հռչակագրի ստորագրումից երկու օր անց Հայաստանի վարչապետը օտարերկրյա պետությունների ղեկավարներին ներկայացնում է Ամերիկայում ձեռքբերված պայմանավորվածությունները:
Կառավարությունը հաղորդեց Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցի մասին: Ալիևը՝ 2 օր առաջ, Փաշինյանն այսօր է զրուցել Թուրքիայի նախագահի հետ, ներկայացրել «Թրամփի ուղի» նախագիծը։ Հենց այդպես կկոչվի Ադրբեջանն ու Նախիջևանը Հայաստանով կապող ճանապարհը:
«Քննարկվել են նաև Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի հարցեր, մասնավորապես, նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Վարչապետը նշել է, որ այդ պայմանավորվածությունների իրագործման համար մթնոլորտն առավել քան երբևէ նպաստավոր է», - ասված է հաղորդագրության մեջ։
Չնայած հայ-թուրքական կարգավորման գործընթացը երկկողմ է, Անկարան առաջընթացը անթաքույց կապում է հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարի հետ:
Նիկոլ Փաշինյանը նաև ԱՄՆ-ի հետ բարդ հարաբերություններ ունեցող Ռուսաստանի ու Իրանի նախագահներին է ներկայացրել վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները, տարածաշրջանային երկրներ, որոնց արձագանքը, տարբեր վերլուծություններով, մեղմ ասած՝ կարող էր միանշանակ ու դրական չլինել:
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար:
Կրեմլը հայտնել է, որ հեռախոսազրույցը կայացել է Երևանի նախաձեռնությամբ: Մինչ հայկական կողմի հաղորդագրության մեջ 44-օրյա պատերազմից հետո ռուսական մասնակցությամբ ապաշրջափակման պայմանավորվածությունների մասին խոսք չկա, Մոսկվան կրկին դրանց է հղում անում. «Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ 2020-2022 թվականների բարձր մակարդակի հայտնի եռակողմ համաձայնագրերին համապատասխան՝ նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, ներառյալ՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը»։
Փեզեշքիանին Փաշինյանը վստահեցրել է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, շեշտել տարածաշրջանի երկրների շահը:
Առանցքային պայմանավորվածությունն Իրանին սահմանակից Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին է վերաբերում:
«Վարչապետն Իրանի նախագահին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների մասին օբյեկտիվ գնահատականներով հանդես գալու համար և ընդգծել Իսլամական Հանրապետության նախագահի՝ առաջիկայում Հայաստան կատարվելիք այցի կարևորությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փեզեշքիանը նախատեսում է երկու շաբաթից այցելել Հայաստան. ԱրաղչիՀայաստանի և Իրանի ղեկավարների հեռախոսազրույցի մասին Երևանի տարածած հաղորդագրությունից հետո իրանական կողմը փոխանցեց, որ նախագահ Փեզեշքիանը հայտարարել է՝ «Կովկասյան միջանցքը չպետք է օտարերկրացիների հեգեմոնական նպատակների ճանապարհ դառնա»։
«Պատմական և խորը հարաբերությունները խաթարելուն ուղղված ցանկացած փորձ ու գործողություն կտրականապես մերժվելու և անընդունելի է լինելու երկու երկրների կողմից»,- իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ հավելել է Իրանի նախագահը։
Թեհրանից նաև մտահոգությունների մասին են բարձրաձայնում
Հայ-ամերիկա-ադրբեջանական պայմանավորվածություններին զգուշավոր լավատեսության կողքին Իրանի պաշտոնական շրջանակներից նաև մտահոգություններ ու սպառնալիքներ են հնչում: Նախօրեին արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր՝ միջանցքի թեման «մի կողմ է դրվել», և «խոսքը վերաբերում է տարանցիկ ճանապարհին»: Բայց պաշտոնական Թեհրանը մտահոգված է ամերիկյան ներկայությամբ: Այս օրերին ավելի կոշտ էր Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականի արձագանքը. Ալի Աքբար Վելայեթին պնդել էր, թե Իրանը կարգելափակի «Կովկասի ամերիկյան միջանցքը»՝ Ռուսաստանի հետ միասին կամ առանց Ռուսաստանի», իսկ Թրամփի ուղին ոչ թե նրա սեփականությունը կդառնա, այլ գերեզմանի կվերածվի Թրամփի վարձկանների համար, սպառնացել էր իրանցի պաշտոնյան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը սպառնում է, Մոսկվան դժգոհ է, Արևմուտքը ողջունում է. ինչպես է աշխարհն արձագանքում Վաշինգոտնի պայմանավորվածությանը
Միջազգային սահմանների անփոփոխելիության ջատագով Թեհրանը խորհրդակցությունների անհրաժեշտություն դեռ տեսնում է: Վաղը, ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի փոխանցմամբ, Թեհրան կայցելի Իրանի հետ երկկողմ հարաբերությունները համակարգող փոխնախարար Վահան Կոստանյանը: Հենց ամերիկյան բանակցությունների ընթացքում հայտարարվեց նաև Իրանի նախագահի այս ամիս Երևան նախատեսվող այցի մասին:
Երևանին ամբողջությամբ չի հաջողվել համոզել Թեհրանին, որ պայմանավորվածությունները վտանգավոր չեն. իրանագետ
Իրանագետ Ալեն Շադունցը Իրանի աշխարհիկ և հոգևոր իշխանությունների շեշտադրումների տարբերությունը նաև ներքին խմորումներով է բացատրում: Կարծում է՝ Երևանին ամբողջությամբ չի հաջողվել համոզել Թեհրանին, որ վաշինգտոնյան պայմանավորվածությունները վտանգ չեն ներկայացնում:
«Օրինակ՝ նոյեմբերի հայտարարությունում էլ բավականին աբստրակտ կետեր կային: Ով ուժեղ էր՝ ստիպեց, որ իր ուզած ձևով ինտերպրիտացվի այդ հայտարարությունը, այսօր էլ նմանատիպ վտանգ կա, ու Իրանը նաև դրանից է վախենում, որ եթե կա տարընթերցման տեղ, ապա դա կընթերցվի այնպես, ինչպես ուժեղ կողմը կպարտադրի: Իրանի վախն այստեղ է,որ ինչ-որ լիզինգի սկզբունքով ինչ-որ տարածք 99 տարով կտրամադրի ամերիկյան կազմակերպության», - նշեց Շադունցը:
Իրանն իր համար է անհանգստանում՝ Հայաստանի հետ այլընտրանքային կապը չկորցնելու, բացի այդ իր սահմաններին ամերիկյան ներկայության համար, թե ինչ աստիճանի այն կլինի, ինչ վտանգներ կարող է սպասել դրանից, հավելեց իրանագետը. «Հայաստանով ճանապարհն Իրանի համար միշտ եղել է ստրատեգիական այլընտրանք, այնպես չէ՝ ՀՀ գնացող ճանապարհը շատ մեծ հոսք ունի, բայց Իրանի համար կարևոր է եղել, որ այդ այլընտրանքը լինի»:
Ապաշրջափակումը հայ-ամերիկա-ադրբեջանական պայմանավորվածությունների մեջ է հիշատակված: Փաշինյանն ու Թրամփը նաև երկու կառավարության միջև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման գործընկերության փաստաթղթի տակ են իրենց ստորագրությունը դրել: Առաջինը հռչակագիր է, տեքստը հրապարակված է, երկրորդը՝ փոխըմբռնման հուշագիր, որն ամբողջությամբ չի հրապարակայնացվել:
Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանն ասաց՝ փոխընմբռնման հուշագիրը ներպետական վավերացում չի նախատեսում, քանի որ պարտավորություններ նախատեսված չեն, հայ-ամերիկա-ադրբեջանական հռչակագիրը՝ ևս, քանի որ փաստաթուղթը քաղաքական է, ոչ թե իրավական:
«Նույն կերպ նոյեմբերի 9-ի հայտարարությունը որքան էլ մենք համարում ենք քաղաքական փաստաթուղթ, առաջ է բերել հստակ իրավական հետևանքներ, դա ևս պայմանագիր էր: Կարծում եմ՝ իրավական տեսանկյունից գոյության իրավունք ունի այն տեսակետը, որ դրանք միջազգային պայմանագրեր էին, և այլ ընթացակարգեր պետք է պահպանված լինեն, և կապված նաև պայմանագրի առարկայից, այն կարող է պահանջել պառլամենտօ պարտադիր վավերացում», - ասաց Սահակյանը:
Թրամփը միայն հայտարարել է «միջանցքը զարգացնելու» հայ-ամերիկյան բացառիկ գործընկերության մասին, որը 99 տարով է: Բայց ահա դետալները անհայտ են, հողը վարձակալությամբ տալու հեռանկարը վարչապետի խոսնակը բացառել էր, ինքը Փաշինյանը՝ կառուցապատման իրավունքի մասին էր խոսել: Ամերիկացի պաշտոնյաներն ավելի վաղ շեշտել էին, որ սա բարեգործական նախագիծ չէ, 9 ընկերություն, այդ թվում՝ երեք ամերիկյան արդեն հետաքրքրված է դրանով: