Հայ գերիների ազատ արձակումը պետք է սպասել խաղաղության գործընթացի ավարտական փուլում. Սիրանուշ Սահակյան

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի ավարտական փուլում պետք է սպասել հայ գերիների ազատ արձակմանը. իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը լավատես է, բայց ասում է՝ Բաքուն այս հարցում չի շտապի:

«Ես լավատես եմ, որ ազատ արձակումը լինելու է հենց այս քաղաքական պրոցեսների արդյունքում, բայց ոչ թե մեկնարկային կետում, այլ՝ ավարտական փուլում», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Ըստ Սահակյանի՝ գերիների ազատ արձակումը որպես մարդասիրական հարց պիտի անհապաղ տեղի ունենար, սակայն Ադրբեջանը 20 թվականից հետո գերիների թիվն ավելացրել ու արհեստականորեն խնդիրը քաղաքականացրել է. - «Գերիները, ըստ էության, դարձել են պատանդներ, որոնց ազատ արձակումը պայմանավորված է որոշակի քաղաքական պահանջների կատարումով»:

Պատահական չէ՝ խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրում անհետ կորած ու բռնի անհետացած անձանց վերաբերյալ հոդված կա, իսկ Բաքվում պահվող հայ գերիների մասին ոչինչ չկա. որովհետև ադրբեջանցի գերիներ հայկական կողմում չկան, բացատրում է իրավապաշտպանը:

«Ադրբեջանական կողմը չի ցանկացել իրեն վերաբերող միակողմանի պարտավորությանը տալ պայմանագրային տեսք և խնդիրը շարունակել է պահել իր ձեռքերում, իր հայեցողության տիրույթում», - ընդգծեց Սիրանուշ Սահակյանը:

Սահակյանը վտանգներ է տեսնում համաձայնագրի մեկ այլ՝ 15-րդ հոդվածում, սրանով կողմերը պարտավորվում են չեղարկել, հետ կանչել միջազգային հայցերը, ընդ որում՝ արագ, փաստաթուղթն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսում: Եթե գերիների ազատ արձակման հարցում որևէ տեղաշարժ չլինի, նրանք ամբողջությամբ կզրկվեն իրավական պաշտպանությունից, պնդում է իրավապաշտպանը:

Հայաստանի կառավարության՝ Ստրասբուրգի դատարան ուղարկած միջպետական գանգատներում հայ գերիներին ապօրինի ազատությունից զրկելու, նրանց խոշտանգելու հարցերն են. - «Բոլոր Արցախի ղեկավարները հենց միջպետական գանգատի շրջանակներում էին ներկայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:

Բաքվի բանտերում պահվող 23 հայերից 22-ի վերաբերյալ Ստրասբուրգի դատարանում միջպետական գանգատները վարում է Հայաստանի կառավարությունը, միայն մեկ հոգու՝ Լյուդվիգ Մկրտչյանի հայցով է մասնավոր փաստաբան՝ Սիրանուշ Սահակյանն ինքը զբաղվում: Ստացվում է՝ հայցերը հետ կանչելու դեպքում Եվրոպական դատարանի պաշտպանության ներքո միայն Մկրտչյանն է մնալու:

«Առաջնահերթորեն, կարծում եմ, հայկական կողմը քայլեր է ձեռնարկելու միջպետական գանգատներից հրաժարվելու ուղղությամբ, և դրանից հետո գերիները այլևս չեն ունենալու իրավական պաշտպանություն», - ընդգծեց իրավապաշտպանը:

Առանց այս էլ Բաքվում պահվող հայերը մնացել են առանց միջազգային չեզոք խմբերի այցելությունների: Կարմիր Խաչի գրասենյակից նրանց երկու ամիս առաջ են այցելել, և արդեն հայտնի է, որ փակվում է այդ գրասենյակը: Գերիների ընտանիքների համար ինֆորմացիայի միակ աղբյուրը հեռախոսազանգերն են՝ խիստ հսկողության պայմաններում, և դատավարություններ, որ մատուցում է միայն ադրբեջանական իշխանական լրատվամիջոցը:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատական նիստերում որպես կանոն մերժվում են փաստաբանի բոլոր միջնորդությունները, վերջին նիստում Աբրահամ Բերմանն ընդամենը միջնորդում էր, որ իրենց տրամադրված ռուսերենով մեղադրականի տեքստի ու ադրբեջաներենի միջև անհամապատասխանությունները փորձաքննվեն, դատարանը մերժեց, ինչպես միշտ: Փոխարենը՝ թե՛ Վարդանյանի ու թե՛ Արցախի նախկին պաշտոնյաների բոլոր դատերը ողողված են տուժածներով, նրանց իրավահաջորդներով. Արցախում անվտանգային ոլորտը երբևէ չհամակարգած Ռուբեն Վարդանյանի դատական նիստին շուրջ երկու տասնյակ ադրբեջանցիներ պատմում էին, թե ինչպես են վիրավորում ստացել, ով՝ որտեղ, որքան են չարչարվում մինչև հիմա:

Շուրջ 50 հոգի՝ տուժող ներկայացողների է՛լ ավելի ընդարձակ տեսականի է Արցախի մյուս պաշտոնյաների ու գերեվարված մի քանի այլ անձանց դատական նիստերում: Այստեղ դեպքեր են նկարագրում նաև 90-ականներից:

Բաքվի դատերն անցկացվում են առանց միջազգային չեզոք մոնիթորինգի, իրավապաշտպանների ու լրագրողների:Ադրբեջանական արդարադատության այս յուրահատկության մասին իրավապաշտպանները բազմիցս են ահազանգել: Միացյալ Նահանգների Պետքարտուղարության զեկույցը, որ օրերս է հրապարակվել, նույնպես արձանագրում է՝ այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում որևէ փոփոխություն չկա, գերիներն անմարդկային վերաբերմունքի են արժանանում:

«Կալանավորվածներից մեկի միջազգային փաստաբանը ՄԱԿ-ի խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի դեմ հատուկ զեկուցողին
բողոք է ներկայացրել. իր պաշտպանյալին ավելի քան երկու օր ջուր չեն տվել, ստիպել են կանգնած մնալ, թույլ չեն տվել քնել ու կապ հաստատել իր փաստաբանի հետ». - այս փաստերը ներկայացրել էր գերիներից Ռուբեն Վարդանյանի պաշտպանական թիմը: Էլ ինչ է տեղի ունենում Բաքվում պահվող հայերի հետ՝ գիտեն միայն Բաքվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանն ու Բաքուն հրապարակեցին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրըԹրամփը խնդրե՞լ է Ալիևին ազատ արձակել 23 հայ գերիներինԹրամփի հետ հանդիպմանը Բաքվում պահվող հայ գերիների հարցը քննարկվել է հենց Փաշինյանի նախաձեռնությամբ. Նազելի ԲաղդասարյանԳերիների ու արցախցիների վերադարձի հարցը մնաց լուսանցքում Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի դատավարությունըԲաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունըԿարմիր Խաչի գործունեությունը Ադրբեջանում կավարտվի սեպտեմբերի սկզբին