Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն ընթանում է նախատեսվածի համաձայն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթի ժամանակ:
Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի վերջին՝ երևանյան հանդիպումը սեպտեմբերի 12-ին էր: Պաշտոնական հաղորագրության համաձայն՝ նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակված և համաձայնեցված հարցերը, մտքեր փոխանակել 2022-ի հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ։ Հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը:
Իր ելույթում Էրդողանն անդրադարձել է նաև Երևանին ու Բաքվին, շեշտել, որ Անկարան ի սկզբանե աջակցել է նաև Ադրբեջանի և Հայաստանի խաղաղություն հաստատելու ջանքերին:
Էրդողանը կարևորել է օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանք որակելով որպես քայլ դեպի կայուն խաղաղություն և շնորհավորել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ գործընթացում ունեցած ավանդի համար: