ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան Երևանում շարունակում է քննարկումները «Թրամփի ուղու» շուրջ

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենին ընդունել է Ներքին գործերի նախարարը, սեպտեմբերի 12,2025թ.

Երևան ժամանած ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը շարունակում է պաշտոնական հանդիպումները:

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Պետդեպի պաշտոնյայի և գերատեսչության ղեկավարի միջև կայացած հանդիպմանը քննարկվել են «Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա ներկայացված՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին առնչվող հարցեր»:

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարին երեկ ընդունել են նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարը, Էկոնոմիկայի նախարարն, ինչպես նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարին ընդունել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հանդիպմանը Բրենդան Հենրեհենը հայտարարեց, որ ԱՄՆ-ը մտադիր է Հայաստանին տրամադրել 145 միլիոն դոլար աջակցություն:

«Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով», - ասել է Բրենդան Հենրեհենը: