Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները ենթակա են պարտադիր կատարման. սա պարզ է դառնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հարցմանն ի պատասխան Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մեկնաբանությունից:
«Ի պատասխան ՀԿԾՀ-ի՝ արբիտրաժային վճռի պարտադիր կատարման ենթակա լինելու վերաբերյալ վարչապետի աշխատակազմ ուղարկված մի շարք հարցադրումների, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը մանրամասն ներկայացրել է վերաբերելի իրավակարգավորումներն արբիտրաժային վճիռների, այդ թվում՝ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի հուլիսի 22-ի վճռի պարտադիրության, դրա կամավոր կատարման և ճանաչման վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում:
ՀԷՑ-ին առնչվող արբիտրաժային որոշման վերաբերյալ, թե ե՞րբ ու կոնկրետ ի՞նչ հարցեր է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուղարկել վարչապետի աշխատակազմ, որի ենթակայությամբ էլ գործում ներկայացուցչի գրասենյակը, հայտնի չէ: Բայց անցած շաբաթավերջին News.am-ը, հղում անելով իր աղբյուններին, հայտնել էր, թե Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը գրություն է ուղարկել հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին այն մասին, որ ստոկհոլմյան հրատապ աբիտրաժի որոշումից հետո ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի պաշտոնավարումը պետք է անհապաղ կասեցնել՝ Հայաստանի նկատմամբ հետագա սանկցիաներից խուսափելու համար:
Երրորդ օրն է՝ ո՛չ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողողը, ո՛չ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը, այս տեղեկությունը չեն հերքում: Իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից «Ազատությանը» փոխանցած միակ տեղեկությունն այն է, որ արբիտրի որոշումը ենթակա է կատարման, իսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից մեկնաբանություն առհասարակ չի հաջողվել ստանալ:
Որոշման չկատարումը խնդրահարույց կարող է դառնալ նաև հանձնաժողովի նախագահի համար. Արփինե Հովհաննիսյան
Իրավաբան, Արադարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի գնահատմամբ՝ որոշման չկատարումը խնդրահարույց կարող է դառնալ նաև հանձնաժողովի նախագահի համար. «Եթե կամավոր կերպով չեն կատարում այդ որոշումները, կարող է ապագայում ծագել համապատասխան պետական մարմնի վերաբերելի աշխատակիցների, տվյալ դեպքում՝ հանձնաժողովի նախագահի պատասխանատվության հարցը: Կարող են, իհարկե, հակափաստարկ բերել, թե պետք է դատարանի կողմից ճանաչվի և այլն, բայց դա վերաբերում է բացառապես հարկադիր կատարման իրավիճակներին և երբ դիմում են հարկադիր կատարման, այդ ժամանակ է առաջանում հարցը: Ընդհանուր առմամբ, արբիտրաժի որոշումը ենթակա է կատարման», - ընդգծում է Հովհաննիսյանը:
Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը մոտ մեկ ամիս առաջ Հայաստանից պահանջել էր ձեռնպահ մնալ ընկերության ակտիվներն առգրավելուց, չփոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամներին ու կանոնադրությունը, չնշանակել ժամանակավոր կառավարիչ, իսկ եթե նշանակել էր, թույլ չտալ նրան գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին: Արբիտրը նաև պահանջել էր չկասեցնել ընկերության լիցենզիաները և որևէ այլ ձևով չսահմանափակել ՀԷՑ-ի սովորական բիզնես գործառնությունները: Որոշումը, սակայն, մնաց թղթի վրա:
«Ներպետական օրենսդրությամբ և ոչ միայն, նաև միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին», - ավելի վաղ ասել է ՀՀ Արդարադատության նախարարը:
ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանն այժմ շարունակում է աշխատանքը ՀԷՑ-ում, իսկ կալանավորված միլիարդատիրոջ փաստաբանական թիմը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» համար կառավարությունից 500 միլիոն դոլար է պահանջում: Կարապետյանները փոխհատուցման պահանջով արբիտրաժային տրիբունալ են դիմել, որն էլ պետք է քննի բուն ներդրումային վեճը:
Արբիտրի միջանկյալ որոշումն անտեսելուց հետո բուն վեճի քննությունը, Հովհաննիսյանի կարծիքով, Հայաստանի համար նպաստավոր պայմաններ չի ստեղծի: «Եթե այս կամ այն պատճառով, ի դեպ շատ կանխատեսելի է, ՀՀ չկատարի արտակարգ արբիտրաժի որոշումը, բնականաբար, այն որպես Հայաստան պետության դիրքորոշում, ունենանալու է իր ազդեցությունը, և շատ վատ ազդակ է լինելու բուն դատաքննության պրոցեսում արբիտրաժի վրա, և բավականին մեծ հավանականությամբ, չեմ կարող վստահությամբ պնդել, բայց շատ մեծ հավանականությամբ, սա արդեն իսկ ենթադրում է պետության դեմ որոշման կայացում», - նշում է Արադարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Թե երբ կմեկնարկի բուն դատաքննությունը, դեռ հայտնի չէ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տրամագծորեն հակառակ գնահատականներ ՀԷՑ-ին առնչվող Ստոկհոլմի արբիտրաժի վերջին որոշման շուրջ