Իրանի նախագահի Հայաստան այցի նպատակը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի անփոփոխության ապահովումն է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին պետական IRNA գործակալությանը տված հարցազրույցում։
Իրանական դիվանագիտության ղեկավարը վերստին ընդգծել է՝ Թեհրանը շարունակում է կտրականապես դեմ լինել այդ տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխության կամ օտարերկրյա ռազմական ներկայության։ Նախարար Արաղչիի խոսքով՝ նախագահ Փեզեշքիանի այցը Երևան հնարավորություն կտա վերահաստատել Իրանի մտահոգությունները, այն է՝ «տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունենա, օտարերկրյա ուժեր չմտնեն տարածաշրջան»։
Աբբաս Արաղչին նաև ընդգծել է՝ Իրանի աշխարհաքաղաքական փոփոխության սահմանումը վերացական չէ։
«Աշխարհաքաղաքական փոփոխություններով մենք նկատի ունենք միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություն, սահմանների տեղաշարժ կամ տարածաշրջանային պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարում»,- պարզաբանել է Իրանի արտգործնախարարը զգուշացնելով՝ Թեհրանը « նման բան չի հանդուրժի»։
Այսօր Մասուդ Փեզեշքիանն իր առաջին պաշտոնական այցը կկատարի Երևան: