Իշխանությունը մտադիր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը պետական փաստաթուղթ դարձնել: Նախագծերի e-draft կայքում հրապարակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը, որը կառավարությունը դեռ պետք է հաստատի:
«Իրական Հայաստան» բառակապակցությունը վերցրած չէ չակերտների մեջ: Ինչպես վերնագիրն է հուշում, նախ՝ նկարագրված է, թե ո՞րն է այդ իրական Հայաստանը:
«Իրական Հայաստանի քաղաքական և իրավական տարածությունը հայտարարված, հռչակված և ճանաչված է իբրև Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով պարփակված տարածություն», - նշված է հայեցակարգում։
Փաշինյանի ղեկավարած կառավարությունում կարծում են՝ այն, ինչ ներկայացվում կամ օգտագործվում է իբրև Հայաստանի մշակութային, սոցիալական, հոգևոր և հոգեբանական նկարագիր՝ հաճախ հակոտնյա է Իրական Հայաստանի գաղափարին կամ ենթադրում է Իրական Հայաստանի չգոյություն, չի արտահայտում իրական կյանքը Իրական Հայաստանում: Ու որոշել են ձևակերպել ու փոխկապակցել քաղաքական և իրավական իրողություններին:
Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը ծայրից ծայր կարդացել է նախագիծը. «Ես հիշեցի Թուրքմենիայի լուսահոգի նախագահ Սափուրմուրատ Նիյազով Թուրքմենբաշիի «Ռուխնամա» գիրքը, որը ըստ էության փորձ էր դիրեկտիվների միջոցով կանոնակարգելու թուրքմեն ժողովրդի կենսակերպը, ինքնությունը: Ես տեսնում եմ մի հռչակագիր, որը դառնալու է Նիկոլ Փաշինյանի պարապ վախտի խաղալիք»:
Ըստ նախագծի, իրական Հայաստանի գեղագիտության հիմքում պետք է լինեն այն գաղափարները, որոնք նպաստում են Հայաստանի զարգացմանը, պետական շահերի իրացմանն ու պետության ներսում անհատի արժանապատիվ, անվտանգ, բարեկեցիկ կյանքին։ Հայեցակարգի նախագծում խաղաղությունը որպես իրական Հայաստանի առանցքային գաղափար է ներկայացված, հայեցակարգն էլ պետք է ուղղված լինի դրան:
«Ուրախության ու կենսասիրության հիմնական բովանդակությունը պարփակվել է կենցաղային ձևերում, այնինչ բեմի գեղագիտության մեջ գերակշռել է վշտի ու ողբերգության թեման։ Իրականում բեմական նման բովանդակությունն աջակցել է պատերազմի քաղաքականությանը, որի հետ հաշտ է վշտի ու տառապանքի թեման։ Ուրախության և կենսասիրության զգայական բովանդակությունը անխուսափելիորեն փոխկապված է խաղաղությանը», - նշված է նախագծում։
Փաշինյանի կառավարման շրջանում 44-օրյան է եղել, Արցախի վրա ադրբեջանական 23-ի հարձակումը, որին հետևեց հայաթափումը: Տիգրան Պասկևիչյանը կարծում է՝ դա մոռացության մատնելն է Փաշինյանի իշխանության խնդիրը:
«Մենք շատ լավ տեսանք սեպտեմբերի 22-ի դեպքը, եղբայր, դու տանում ես այդ մարդկանց զոհում ես ու մոռացության ես տալիս ու այդ օրը քեֆ ես անում ինչ-որ: Չէ, չի լինի: Ես հասկանում եմ՝ իրենք ուզում են մեկուսացնել մտածող, դատող մարդկանց, գործ ունենալ այն ժողովրդի հետ, որը սիրում է ուտել, ուրախանալ, հարսանիքներ անել և այլն: Եթե լուրջ մտահոգություն լիներ, սա պետք էր 180 աստիճանով շուռ տալ, սրա դեմ էր պետք պայքարել ոչ թե սա ընդունել որպես ինքնության փաստ՝ ուրախ ապրենք, չքննադատենք, չխոսենք ոչ մի բանի մասին», - ասաց Պասկևիչյանը: