Կաթողիկոսը տեսակցել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ, արխիվ

Ամենայն Հայոց կաթողիկոսը երեկ այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և տեսակցել ավելի քան երկու ամիս անազատության մեջ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Լուրն «Ազատության» հետ զրույցում հաստատեց Մայր Աթոռի խոսնակ տեր Եսայի քահանա Արթենյանը՝ նշելով, որ Գարեգին Երկրորդին ուղեկցել են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ու Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

«Վեհափառ Հայրապետը ժամանակին ցանկություն էր արտահայտել այցելելու Միքայել և Բագրատ Սրբազաններին, ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Ցավոք, մերժում էր ստացվել», - հայտնում է տեր Եսային:

Դատական նիստերից մեկի ընթացքում իշխանությունը զավթելու կոչի համար մեղադրվող Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էր միջնորդել, որ արքեպիսկոպոսի հետ տեսակցության սահմանափակումները մեղմվեն, և բացառեն միայն լրագրողների հետ հանդիպումը։ Փաստաբանը հիմնավորել էր՝ սրբազանը ամուսնացած չէ և ցանկանում է հանդիպել իր բարեկամների հետ։ Դատավորն էլ բավարարել էր պաշտպանական կողմի այս միջնորդությունը։

Մայր Աթոռից մանրամասներ չեն հաղորդում Ամենայն Հայոց կաթողիկոսի և Շիրակի թեմի առաջնորդի հանդիպման մասին։ Կարճ պատասխանի մեջ միայն նշված է. «Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Միքայել և Բագրատ Սրբազանների, ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները և պատվիրված դատավարական գործընթացները»։

Ի դեպ, Աջապահյանի հետ հանդիպումից հետո Կաթողիկոսը համատեղության կարգով ժամանակավորապես Շիրակի թեմի հոգևոր տեսուչ է նշանակել Արթիկի թեմի առաջնորդին՝ նրան տալով առաջնորդական լիազորություններ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Դատարանը միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին». Մայր Աթոռ

Իշխանություն - եկեղեցի տևական հակասություններն առավել սրվեցին այս գարնանը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց ֆեյսբուքյան գրառումներով պահանջել Ամենայն Հայոց կաթողիկոսի և այլ բարձրաստիճան հոգևորականների հրաժարականը՝ նրանց մեղադրելով կուսակրոնության ուխտը խախտելու համար։

«Ես նրան կոչ եմ անում ուղղակի կամավոր էդ որոշումը կայացնել: Իմ պլանները չեն կարող փոխվել, չեն կարող փոխվել», - վերջերս հայտարարեց վարչապետը:

Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը։ Երեք օր անց կալանավորվեց վարչապետի հրաժարականը պահանջող «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ահաբեկչության ու իշխանությունը զավթելու փորձի մեղադրանքով։ Անմիջապես հետո հատուկջոկատայինները մտան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդին: Հունիսի 28-ին սրբազանը կալանավորվեց։

«Իմ ձերբակալությունը այս իշխանությունների խարանն է և խայտառակությունը», - դատարանում հայտարարել է Միքայել արքեպիսկոպոսը:

Շիրակի թեմի առաջնորդի պաշտպանները Վերաքննիչ բողոք են ներկայացրել նրա կալանքի ժամկետը երկարացնելու դատարանի որոշման դեմ։ Փաստաբանները պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի օգոստոսի 15-ին կայացրած որոշումը, որով նա տասն օրով երկարաձգել էր սրբազանի կալանքը։

Վերջին՝ սեպտեմբերի 2-ի նիստի ժամանակ դատարանը որոշեց ևս մեկ ամսով էլ երկարաձգել կալանքի ժամկետը։ Աջապահյանի փաստաբաններից Մարինե Ֆարմանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այս վերջին որոշումը ևս բողոքարկելու են։

«Ամբողջովին անհիմն է, և ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում Միքայել սրբազանի նկատմամբ: Իսկ դատաքննության փուլում առավել ևս սրբազանի նկատմամբ կալանքը երկարաձգելը միանգամայն անհիմն է, հստակ քաղաքական տարրեր է պարունակում», - ասաց Ֆարմանյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աջապահյանը ևս մեկ ամիս կմնա կալանքի տակ

Փաստաբանը պնդում է, որ փաստացի Աջապահյանին պատժում են իր մտքի համար. - «Հետևաբար, քրեակատարողական հիմնարկի պատերը երբևէ չեն կարող հանդիսանալ մարդու խոսքը սահմանափակող ինչ-որ բաներ»:

Դատական նիստերի ընթացքում հիմնականում սակավախոս Աջապահյանը երեկ նամակ է հղել կալանավայրից։ Շիրակի թեմի առաջնորդին այցելում են նաև ընդդիմադիր պատգամավորները, և «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանը երեկ խորհրդարանի ամբիոնից ընթերցեց սրբազանի նամակը:

«Քրիստոս ասաց՝ ների՛ր, որովհետև չգիտեն, թե ինչ են գործում: Ես՝ Տիրոջ անպիտան ծառաս, համարձակվելու եմ ասել՝ մի՛ ներիր, քանզի շատ լավ գիտեն, թե ինչ են անում», - մասնավորապես գրել է բարձրաստիճան հոգևորականը:

Ո՛չ նամակում, ո՛չ դատավարության ընթացքում Աջապահյանը չի խոսում իր վիճակի մասին, Մայր Աթոռը ևս փակագծեր չի բացում՝ ինչպես է զգում իրեն սրբազանը, փաստաբաններից Մարինե Ֆարմանյանն էլ ասաց, որ հարգում են պաշտպանյալի լռելու իրավունքը։

«Խնդիրներ ունի, իհարկե ունի, բայց թե դրանք ինչպիսին են, ինքը թույլ չի տալիս դրա մասին բարձրաձայնել», -նշեց Ֆարմանյանը:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի հոդվածով։ Մեղադրանքի հիմքում նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Դատախազությունը հիմնավորում է, թե նա այս հայտարարությունն արել է նաև 2025-ի հունիսին։ Մեղավոր ճանաչվելու դեպքում Միքայել Աջապահյանին սպառնում է տուգանքից մինչև հինգ տարվա ազատազրկում:

Օգոստոսի 15-ին մեկնարկած դատավարությունը ընթանում է շատ արագ։ Արդեն հասցրել են ճառերով հանդես գալ մեղադրող դատախազները, սրբազանի հինգ փաստաբաններից չորսը։ Հաջորդ նիստին, որ տեղի կունենա սեպտեմբերի 15-ին, կհնչի վերջին պաշտպանական ճառը, հաջորդիվ ակնկալվում է, որ վերջին խոսքով հանդես կգա հենց ինքը՝ Շիրակի թեմի առաջնորդը: