Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից կրակը չի դադարում, ինտեսիվ է հատկապես Սյունիքի մարզի Խնածախ ու Խոզնավար գյուղերում: «Ազատության» հետ զրույցում տեղի բնակիչները մեկ անգամ չեն ասել, որ ապրում են անորոշության և անապահովության մշտական զգացումով, սահմանամերձ համայնքներում վախենում են զբաղվել անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ:
Երեկ տարածքային կառավարման ու էկոնոմիկայի նախարարներ Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն են այցելել Սյունիքի մարզի Խնածախ, Վաղատուր և Խոզնավար բնակավայրեր, գիշերել են Խնածախում: Էկոնոմիկայի նախարարի տարածած տեսանյութում բառ չկա կրակոցների մասին, բնակիչների հետ խոսել են ջրից, ճանապարհից, գյուղատնտեսությունից:
«Քննարկել ենք նրանց հուզող բոլոր հարցերը, գյուղում բավականին շատ աշխատանքներ կան կատարված, բայց միևնույն ժամանակ դեռ հսկայական աշխատանք կա, որ պետք է արվի: Ուրախությամբ պետք է նշեմ, որ հենց այս պահին ջրագծի կառուցման պրոցեսի մեջ ենք, նոր ճանապարհ է կառուցվում, ճանապարհ է հիմնանորոգվում», - նշել է նա:
Էկոնոմիկայի նախարարությունից հավելյալ ճշտեցինք՝ Խնածախում գիշերած նախարարը լսե՞լ է կրակոցի ձայներ: «Հրադադարի խախտման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը դուրս է նախարարության լիազորություններից։ Դիմեք Պաշտպանության նախարարություն», - պատասխանեցին գերատեսչությունից։
Այցը, սակայն, նախարարին ուրախացրել էր, քանի որ «խնածախցիները, խոզնավարցիները շատ ամուր են, կպած են իրենց հողին»:
«Իրենք ամենալավն ու ամենաշատն են գիտակցում խաղաղության գինն ու խաղաղության օրակարգին շատ մեծ աջակցություն են ցույց տալիս»:
Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանն ասաց՝ գյուղում անցած գիշեր դարձյալ կրակոցներ լսվել են, բայց սովորականից քիչ և ժամն է փոխել:
«Ազատության» հարցին՝ այն մասով, որ գյուղն արդեն մեկ ամիս է՝ կրակոցների տակ է, որևէ լուծում առաջարկե՞լ են որպես իշխանության ներկայացուցիչներ, Զաքյանը պատասխանեց. - «Մեզ ոչ մի բան չեն ասել»:
Խնածախում, որտեղ գիշերել է նախարար Պապոյանը, ևս կրակոցներ եղել են, պատմեցին բնակիչները:
«Մի քանի րոպեով կրակում են, դադարում, նորից... Գյուղացիները չգիտեին, որ գալու են հանդիպեն, երևի գալիս են գյուղապետարան, գյուղապետարանի աշխատողների հետ են հանդիպում: Գյուղացիներից ովքեր պատահական տեսնում են, երևի ներկա են լինում», - ասաց բնակիչներից մեկը:
Մեկ ամսից ավելի է՝ Ադրբեջանը կրակում է, զուգահեռ պարբերաբար պնդում, թե հայկական կողմն է իր դիրքերի վրա կրակել, ադրբեջանական ստորաբաժանումներն էլ պատասխանել են: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարը խախտելու Բաքվի հայտարարությունները կտրականապես հերքում է ու չի անդրադառնում Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի թիրախավորման մասին ադրբեջանական հաղորդագրություններին:
Այս ընթացքում հայկական ռազմական գերատեսչությունը չորս անգամ է հաղորդագրություն տարածել, այն դեպքերում, երբ ադրբեջանական գնդակները քաղաքացիական ենթակառուցվածք են խոցել: Վերջինը անցած շաբաթ խոզնավարցի 73-ամյա Ռուբեն Խաչատրյանի տունն էր, գնդակը տան լուսամուտով էր անցել ու տղամարդը հրաշքով էր ողջ մնացել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Քնած էի, կրակեցին». խոզնավարցի Ռուբեն Խաչատրյանը հազիվ է փրկվել ադրբեջանական կրակոցիցԱյս անգամ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Դաշնակացության կողմից Ջահերով երթի ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու հետ մեկտեղ դատապարտեց նաև Ադրբեջանի գործողությունները: Փաշինյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել քննության առնել այդ դեպքերը և հանդես գալ պարզաբանումներով:
Չդադարող կրակոցների ֆոնին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր այցելել է հատուկ ջոկատայինների զորամաս ու գովել նրանց 44-օրյա պատերազմի ժամանակ իրականացրած գործողությունների համար: Հարևան երկրի զինված ուժերում նաև գրեթե ամեն ամիս զորավարժություններ են անցկացվում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջան ԶՈւ ստորաբաժանումները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու զորավարժությունների