«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է կուսակցության համագումարում վարչության անդամների վերջնական ընտրության արդյունքները:
Նոր վարչությունը 20-հոգանոց կազմ ունի՝ նախկինի 15-ի փոխարեն: Այնտեղ ընդգրկվել են հիմնականում գործող պաշտոնյաները՝ վարչապետը, նախարարներ, պատգամավորներ, Երևանի քաղաքապետը:
Այսպես իշխող ուժի վարչության 20 անդամներն են՝ Նիկոլ Փաշինյանը, Գևորգ Պապոյանը, Վահագն Ալեքսանյանը, Սուրեն Պապիկյանը, Հայկ Կոնջորյանը, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Թորոսյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Դավիթ Խուդաթյանը, Ալեն Սիմոնյանը, Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Հասմիկ Հակոբյանը, Գնել Սանոսյանը, Տիգրան Ավինյանը, Արմեն Խաչատրյանը, Նազելի Բաղդասարյանը և Արուսյակ Մանավազյանը:
Վարչության նախագահ ընտրվել էր վարչապետ Փաշինյանը: Որպես վարչության անդամ նա ստացել է 826 քվե, 758՝ որպես վարչության նախագահ:
Կուսակցությունը նշել է, որ այս ընթացքում ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմում չի ստացել:
Վարչության նախկին՝15-հոգանոց կազմից չեն վերընտրվել Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, իսկ պատգամավոր Արփի Դավոյանն առհասարակ չէր առաջադրվել։
Նոր վարչության կազմում այս անգամ ավելացել է նաև կանանց թիվը։