Սանկտ Պետերբուրգի՝ Հայաստանի հյուպատոսարանում Արցախի նախկին պաշտոնյայի մահվանից մոտ տասն օր անց Հայաստանի քննչական կոմիտեից փոխանցեցին, որ հարուցել են վարույթ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Քննչականն առայժմ մանրամասներ չի հաղորդում, թե ռուսաստանցի իրավապահների հետ համատե՞ղ են քննելու Բորիս Ավագյանի մահվան հանգամանքները:
Ռուսաստանի քննչական կոմիտեն մահվան հաջորդ օրը քրեական գործ հարուցեց ինքնասպանության դրդելու հոդվածով: 42-ամյա Ավագյանին մահացած էին գտել հյուպատոսարանի զուգարանում:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալը հյուպատոսարան էր գնացել, իր վերջին տեսագրությունն ուղարկել էր հայաստանցի լրագրող Լիա Սարգսյանին, բացատրել, որ 14 ժամ խնդրում է իրեն արտահանձնել հայրենիք, բայց հայաստանյան իշխանությունները մերժում են:
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում հերքել էր Ավագյանի՝ մահվանից առաջ հնչեցրած մեղադրանքները: Արսենյանը պնդել էր՝ հյուպատոսարանի աշխատակիցները նրա արտահանձնումը ոչ միայն չեն մերժել, այլև ժամեր շարունակ աշխատել են այն կազմակերպելու ուղղությամբ:
Արցախի նախկին պաշտոնյան մեղադրյալ էր միանգամից երկու երկրներում՝ Հայաստանում և Ռուսաստանում: Երևանը Ավագյանին հետախուզում էր փողերի լվացման, պետական սահմանն ապօրինի հատելու համար, ռուսական կողմը նրան դատարանի առջև էր կանգնեցրել ավելի քան 4,2 մլրդ ռուբլի մաքսատուրքերից խուսափելու գործով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բորիս Ավագյանի մահվան հանգամանքները դեռ պարզ չեն