Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Իրանի իր պաշտոնակիցների՝ Սերգեյ Լավրովի և Աբբաս Արաղչիի, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի ու Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։
ԱԳՆ-ից հաղորդում են, որ Միրզոյանը առանձին հեռախոսազրույցների ժամանակ նրանց ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները:
Նա շնորհակալություն է հայտնել Սերգեյ Լավրովի շնորհավորանքի և աջակցության համար:
Աբբաս Արաղչիի հետ զրույցում Միրզոյանն ընդգծել է, որ «ինչպես նախկինում բազմիցս հայտարարվել է ՀՀ կողմից, այնպես էլ վաշինգտոնյան հռչակագրում արտացոլված է այն, որ ենթակառուցվածքների գործարկումը՝ ներառյալ Հայաստանի տարածքում ամերիկյան գործընկերությամբ կառուցվելիքը, տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում»:
Այս առնչությամբ նախարար Միրզոյանը Աբբաս Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ «սկզբունքային անդրադարձի համար»:
Կալլասի հետ զրույցում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման կարևորությունը՝ որպես երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում մինչ այս գրանցված առավել կարևոր հանգրվան:
Արարատ Միրզոյանը Կայա Կալասին, նաև Բարոյին շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից շնորհավորանքի համար:
«Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածության կյանքի կոչման արդյունքում տարածաշրջանի երկրների և դրանից անդին գործընկերների համար փոխկապակցվածության ավելացման աննախադեպ հնարավորությունների շուրջ», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել երկու երկրների նախագահների հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ապաշրջափակումը՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքներով. Փաշինյանը մի շարք զրույցներ է ունեցել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը վաղուց ուժի մեջ չէ, դա մեռած փաստաթուղթ է. փորձագետ