ՀԷՑ-ի կառավարումը վերցնելու իշխանության գործողություններից հետո միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը նվազեցրել է ռազմավարական նշանակություն ունեցող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարկանիշը՝ հետագա գործունեության կանխատեսումը «կայունից» դարձնելով «բացասական»։
«Վարկանիշավորման իջեցումը կախված է վերջին շրջանում կառավարության քայլերի հետ, մասնավորապես, երբ որոշում կայացրեց կառավարումը վերցնել իր ձեռքը և երկրորդ մասով որոշում կայացրեց կամ օրենսդրական հիմքեր ստեղծեց ազգայնացման վերաբերյալ», - ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Մեծահարուստ գործարար Սամվել Կարապետյանի՝ հունիսի 17-ի հայտնի հարցազրույցից հետո, երբ Կարապետյանը նշել էր, թե անհրաժեշտության դեպքում «իրենք էլ իրենց ձևով կմասնակցեն եկեղեցու պաշտպանությանը», վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել էր բաշխիչ ցանցերը պետականացնելու մասին: Մեկ ամիս էլ չանցած խորհրդարանի իշխող մեծամասնությունը արագացված ընթացակարգով հեղինակել և ընդունել է օրենսդրական մի փաթեթ, որով գործադիրը վերցրեց ՀԷՑ-ի կառավարումը: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը շեշտում է՝ «Մուդիս»-ի գնահատականը կառավարության հենց այս որոշումների հետևանքն է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՍԴ-ն վարույթ ընդունեց ՀԷՑ-ին առնչվող ընդդիմադիրների դիմումը«Նրանք նույնպես վերլուծում են իրավիճակը, տեսնում են, որ այս իրավիճակում պետությունը, երբ քայլեր է իրականացնում, ոչ թե տնտեսական է կամ բիզնես նպատակներով է, այլ ավելի շատ քաղաքական է: Դրան գումարած նաև գոյություն ունի Ստոկհոլմի արբիտրաժային վճիռը, որով արձանագրվում է, որ պետք է վերադարձվի կառավարումը սեփականատերերին, և դա չի կատարվել: Սա ևս ազդակ է: Կարող ենք ասել, որ միջազգային երկու ինստիտուտից արդեն ազդակ ունենք կառավարության քայլերին ընդդեմ հեցի. մեկը արբիտրաժի մասով, մեկը՝ «Մուդիս»-ի», - ասաց տնտեսագետը:
Վարկանիշային գործակալության զեկույցում գրեթե ուղիղ նշվում է՝ ՀԷՑ-ի վարկանիշների իջեցման պատճառը ընկերությանն առնչվող օրենսդրական փոփոխություններն էին, որը թույլ կտա կառավարությանը ազգայնացնել Սամվել Կարապետյանին պատկանող բաշխիչ ցանցերը:
«Երկարաժամկետ կորպորատիվ և դեֆոլտի հավանականության վարկանիշերի նվազեցումը արտացոլում է այն հանգամանքը, որ 2025-ի հուլիսին կատարված օրենսդրական փոփոխությունների հետևանքով ընկերության հանդեպ պետության ազդեցությունն աճել է։ Այդ փոփոխությունները Հայաստանի կառավարությանը հնարավորություն են տալիս ազգայնացնել ընկերությունը, իսկ կարգավորող մարմնին՝ որոշ դեպքերում նաև վարչական վարույթներ նախաձեռնել», - նշված է զեկուցում:
Տնտեսագետի կարծիքով՝ այս գնահատականը դժվարություններ կառաջացնի ներդրումներ ներգրավելու տեսանկյունից: Բացի այդ՝ ընկերությունը ստիպված կլինի պարտատոմսերի համար սահմանել ավելի բարձ տոկոսադրույքներ, որպեսզի փոխհատուցի այն ռիսկերը, որոնք, ըստ «Մուդիս»-ի, առաջացել են:
«Երկկողմանի խնդիրներ է առաջացնելու, նաև խնդիրներ է առաջացնելու արդեն իսկ թողարկած պարտատոմսերի պարագայում, այսինքն, մարդիկ կան, որոնք ունեն այս պահին պարտատոմսեր, որոնց արժեքը, ենթադրենք, 100 դոլար է, «Մուդիս»-ի վարկանիշի իջեցման հետևանքով կարող է այդ 100 դոլարանոց պարտատոմսը դառնա, ենթադրենք, 98 դոլար: Այսինքն՝ կոնկրետ ներդրողը, ում ձեռքում կա այդ պարտատոմսը, 2 դոլար կամ 2 տոկոս կկորցնի: Եթե ուզենա հիմա վաճառի պարտատոմսերը, կունենա որոշակի ֆինանսական ռիսկեր, վնասներ», - նշեց տնտեսագետը:
Սամվել Կարապետյանի՝ իշխանությանն ուղղված քննադատություններից ուղիղ մեկ ամիս անց ՀԷՑ-ի կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն այս ամիսներին թե՛ կադրային, թե՛ ֆինանսական բնույթի մի շարք որոշումներ է ընդունել: Նրան չի խոչընդոտել անգամ Ստոկհոլմի դատարանի միջանկյալ որոշումը, որով արբիտրաժային ինստիտուտը Հայաստանից պահանջել էր ձեռնպահ մնալ «ընկերության բռնագրավման հետագա քայլերից», չփոխել ՀԷՑ-ի կառավարիչներին, թույլ չտալ պետության նշանակած ժամանակավոր կառավարչին գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին: Կառավարությունից ուղիղ ասել են՝ այս որոշումը չեն կատարելու:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու». Ռոմանոս Պետրոսյանի առաջին աշխատանքային օրը ՀԷՑ-ումՍուրեն Պարսյանը կարծում է՝ «Մուդիս»-ը կարող է բարելավել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վարկանիշները, եթե այս որոշումը կատարվի. «Երաշխիք չէ, որ «Մուդիս»-ը միանգամից կվերականգնի, որովհետև վարկանիշի բարձրացնելը բավականին ջանքեր է պահանջում: «Մուդիս»-ը կարող է տեսնել, որ հաջորդ շաբաթ ևս կարող է նման իրավիճակ լինել: Այսինքն՝ այդ երաշխիքներ պետք է տանք, որ դա երկարաժամկետ, կայուն որոշում է, ոչ թե կոնկրետ այս կամ այն մարդու քմահաճույքը»:
2018-ից հետո, երբ «Մուդիս»-ը բարձրացրել էր Հայաստանի սուվերեն վարկանիշը, վարչապետն ու թիմակիցները հպարտությամբ հայտարարում էին այդ մասին: ՀԷՑ-ի ցուցանիշների իջեցմանը երեկվանից գործադիր և օրենսդիր մարմինների իշխանական անդամները դեռ չեն արձագանքել: