Բաքվում պահվող հայ ռազմագերիներն արդեն երեք ամիս է մեկուսացման մեջ են։ Այն բանից հետո, երբ Բաքուն պահանջեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցնի իր գործունեությունը Ադրբեջանում, առաքելությունը վերջին անգամ հունիսին է այցելել հայ գերիներին:
«Մտահոգությունները շատ-շատ են, ինչ իմանանք՝ այնտեղ ինչ է կատարվում». գերիի հարազատ
Ամիսներ առաջ այս լուրն արդեն թևաթափ էր արել նրանց հարազատներին։ Գերիներից մեկի հարազատն «Ազատությանն» այսօր պատմեց, որ դրանից հետո միայն օգոստոսի սկզբին են կարողացել հեռախոսով մի քանի բառ փոխանակել։ Մեր զրուցակցի ձայնն անվտանգության նկատառումներով փոխված է: «Մտահոգությունները շատ-շատ են, մենք, գոնե, Կարմիր խաչով տեսնում էինք իրենց, տեսանյութեր էին ուղարկում, իրենց տեսնում էինք, մեզ ասում էին իրենց առողջական վիճակի մասին, ինչ-որ տեղեկություններ ունեինք, բայց այսպես ոչ մի բան չունենք, չնայած նրան, որ իրենք ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերել Եվրադատարանի միջոցով. երկու ամիսը մեկը Եվրադատարանը պարտավորեցրել է իրենց, որ պետք է առողջության հետ կապված փաստաթղթեր ուղարկեն, բայց դե դա այնքան էլ արժանահավատ չի, որովհետև նույն բանն ամեն անգամ կարող են ուղարկել, ինչ իմանանք՝ այնտեղ ինչ է կատարվում: Սպասողական վիճակում ենք ամեն օր»:
«Երկխոսությունը շարունակվելու է, որպեսզի կարողանանք ինչ-որ կերպով մարդասիրական մեր ծառայությունը տրամադրել». Ամատունի
Բառացիորեն մի քանի օրից միջազգային առաքելությունը կլքի Ադրբեջանը ու թե հետո ինչպես է հայկական կողմին հաջողվելու հասկանալ՝ ինչ պայմաններում են ռազմագերիները, պարզ չէ։ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին «Ազատությանը» փոխանցեց՝ այս հարցի շուրջ շարունակվում է երկխոսությունը Ադրբեջանի իշխանությունների հետ, սակայն ձևաչափի մասին որևէ հստակություն չկա: «Այս ընթացքում, բնականաբար, մենք փորձել ենք Ադրբեջանի իշխանությունների հետ մեր գլխավոր գրասենյակի միջոցով երկխոսել` հնարավոր այլընտրանքների կապակցությամբ, սակայն այս պահի դրությամբ կարող ենք միայն փաստել, որ կազմակերպությունը լքելու է, չունի հնարավորություն Բաքվում շարունակաբար տեսակցելու այս անձանց, բայց մեր երկխոսությունը շարունակվելու է, որպեսզի կարողանանք ինչ-որ կերպով մարդասիրական մեր ծառայությունը տրամադրել, և փորձեր, բնականաբար, արվելու են առաջիկայում, սակայն այս պահի դրությամբ չունենք որևէ հստակություն, թե ինչպես դա կլինի և ինչ ձևաչափով», - ասաց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվի բանտում պահվող հայ գերիների հարազատներին ասվել է՝ ԿԽՄԿ-ն այլևս չի այցելելու գերիներինՊաշտոնական տվյալներով՝ Բաքվի բանտերում 23 հայ գերիներ են պահվում: Նրանց միակ կապը հարազատների հետ այս պահին Ադրբեջանի իշխանությունների միջոցով կազմակերպվող հեռախոսազանգն է:
Հարազատներին չի գոհացնում իշխանության կողմից պարբերաբար հնչող այն հավաստիացումը, թե զբաղվում են գերիների վերադարձի հարցով։ Մեզ հետ զրուցած հարազատն էլ ասաց՝ Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպումը կարող էր լինել այդ հույսը, որը, սակայն, նրա պնդմամբ, անպտուղ էր. «Իրենք այդ փաստաթուղթը ստորագրեցին, ձեռքսեղմում արեցին ու հիմա ասում են՝ խաղաղություն է, վերջ, նոր շրջան ենք մտել խաղաղության: Եթե գերիների վերադարձ չի լինի, ուրեմն այդ ամեն ինչը շոու է, ոչ մի լուրջ բան չկա այդտեղ, ես չեմ հավատում այդ խաղաղությանը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը խնդրե՞լ է Ալիևին ազատ արձակել 23 հայ գերիներինՀանդիպումից հետո մի տեսանյութ տարածվեց, որտեղ լսվում էին Թրամփի հետևյալ խոսքերը՝ «Ասում եք, որ 23 քրիստոնյա հայեր կան, ես պատրաստվում եմ խնդրել, որ դա անեն, կարծում եմ՝ հանուն ինձ կանեն դա»:
Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանն էլ հաջոդիվ հույս էր հայտնել, որ գերիների հարցում տեղաշարժ լինելու է. «Չեմ կարծում, որ առանց նախնական քննարկումների, հրապարակային խոսույթում Թրամփը կբարձրաձայներ իր ներգրավածությամբ խնդրի լուծման պատրաստակամության մասին: Եթե նման արտահայտություն արվել է, այստեղ նաև Թրամփը իր հեղինակությունն է դնում», - «Ազատության» հետ զրույցում ավել վաղ նշել է Սիրանուշ Սահակյանը:
Դրանցի հետո, սակայն, որևէ այլ հրապարակային հայտրարություն չի հնչել ո՛չ Վաշինգտոնից, ո՛չ Երևանից, ո՛չ էլ Բաքվից։
Բաքվում շարունակվում են հայ ռազմագերիների դատական նիստերը
Փոխարենը Փաշինյանի ու Ալիևի խաղաղության դարաշրջան բացելու հայտարարությանը զուգահեռ՝ Ադրբեջանում նույն տեմպով շարունակվում են հայ ռազմագերիների դատական նիստերը։
Վերջինը երեկ էր, որի ժամանակ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ցուցմունք են տվել 90-ականներին Շուշիում, Քելբաջարում, Ֆիզուլիում, Զանգելանում այսպես ասած՝ «տուժած ադրբեջանցիները»:
Երեկվա դատական նիստում հրապարակվել են Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ցուցմունքները, որից, սակայն, մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 28-ին:
Բաքվի ռազամական դատարանում հայ գերիների դատերն անցնում են առանց միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայության։ Բացառապես պետական ալիքներով հեռարձակվող տեղեկատվության իսկությունը հնարավոր չէ ճշտել անկախ աղբյուրներից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գենսեր. «Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ»