Ռուսաստանն այսօր նշում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ Տոնի գլխավոր իրադարձությունները Կարմիր հրապարակում Մոսկվայի ժամանակով ժամը 10-ին մեկնարկող ռազմական շքերթն ու հրավառությունն են։
Միջոցառումներին մասնակցելու համար Մոսկվան հրավերներ է ուղարկել մի շարք երկրների ղեկավարներին։
«Հաղթանակի շքերթը չպետք է դիտարկվի միայն որպես միջազգային արարողակարգային իրադարձություն։ Երբ մենք հրավիրում ենք երկրների ղեկավարներին, մենք, անշուշտ, ցանկանում ենք ոչ միայն կարևոր, անհրաժեշտ, պատմական իրադարձություն անցկացնել, այլ նաև ուզում ենք, որ նրանք մեզ հետ կիսեն մեզ համար սուրբ այս տոնը: Որպեսզի նրանք դառնան այս մթնոլորտի մի մասը», - ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ռուսաստանի հետ տարաձայնությունների ֆոնին երեկ Մոսկվա է մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, ի պատիվ օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների ընթրիքի ժամանակ, ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ:
Այսօր Փաշինյանը ներկա կգտնվի հաղթանակին նվիրված միջոցառումներին: Թեև նախորդ տարի Հայաստանի վարչապետը չէր մասնակցել այդ միջոցառումներին՝ նշելով, որ ամեն տարի շքերթին մասնակցելը տարօրինակ է, սակայն այս տարի Փաշինյանը մեկնեց Մոսկվա՝ պատճառաբանելով, որ նման առիթները բաց թողնելը ճիշտ չէ։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտարարել էր, որ հայկական զորախումբը Կարմիր հրապարակում ռազմական շքերթին չի մասնակցի, թե ինչու, ո՛չ ռուսական, ո՛չ հայկական կողմը չեն պարզաբանել։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այս առիթով միայն ասել է՝ «վարչապետի մասնակցությունը բոլ-բոլ ա»:
Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը համոզված է՝ Հայաստանը հերթական անգամ վերանայում է Ռուսաստանի նկատմամբ մոտեցումները՝ պայմանավորված ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Փաշինյանը Մոսկվայում դիտելու է Ադրբեջանի զորախմբի քայլերթը». ինչո՞ւ հայկական զորախումբը չի մասնակցելու տոնական շքերթին