Ռուսաստանը «զգալի զիջումների» է գնացել Ուկրաինայի հետ բանակցվող խաղաղության շուրջ. Վենս

Ռուսաստանը «զգալի զիջումներ» է կատարել Ուկրաինայի հետ բանակցվող խաղաղության շուրջ, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

NBC-ի հետ զրույցում նա վստահություն է հայտնել, որ այս հարցում առաջընթաց կա, չնայած կոնֆլիկտի ավարտի նշանների բացակայությանը։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զիջումների թվում է նաև Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների տրամադրումը, որոնք կպաշտպանեն ապագա ռուսական ագրեսիայից։

Վենսն ասել է, որ Մոսկվան ընդունել է նաև, որ Կիևում չի կարող խամաճիկային ռեժիմ հաստատել:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կիրակի հեռարձակված հարցազրույցում նշել է, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի անդամները, պետք է լինեն Ուկրաինայի անվտանգության երաշխավորները։