Թբիլիսիի գործող քաղաքապետը, ըստ «Իմեդի»-ի էքզիթ փոլի, հավաքել է ձայների 77.4 տոկոսը

Վրաստանում ավարտվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունը: Ըստ իշխանամետ «Իմեդի» իշխանամետ հեռուստաալիքի էքզիթ փոլի՝ Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն հավաքել է ձայների 77.4 տոկոսը, իսկ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ ավելի քան 76 տոկոսը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ վրացական ծառայությունը:

Իշխող կուսակցության առաջնորդները, այդ թվում՝ պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, արդեն հայտարարել են հաղթանակի մասին և շնորհավորել իրենց կողմնակիցներին:

Այս ֆոնին ընդդիմության մի մասը հանրահավաք է անցկացնում Թբիլիսիի կենտրոնում և հայտարարում «իշխանությունը խաղաղ տապալելու» ծրագրերի մասին։ Ցուցարարները, մասնավորապես, փորձել են ներխուժել նախագահական նստավայր:

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն դեռ քվեարկության ավարտից առաջ հայտարարել էր, որ բոլոր շրջաններում իշխող կուսակցությունը հաղթում է՝ հավաքելով ձայների ավելի քան 70 տոկոսը:

Ընտրություններին հետևում է շուրջ երեք տասնյակ միջազգային կազմակերպություն՝ գրեթե 13 անգամ պակաս, քան 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ։

ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 12 կուսակցություն, նրանց թվում են նաև ընդդիմադիր ուժեր, սակայն առաջատար ընդդիմադիր կուսակցությունները՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիան», «Միացյալ ազգային շարժումը», բոյկոտել են։