Մատչելիության հղումներ

Վրաստանի 64 շրջաններում ՏԻՄ ընտրություններ են


Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, երկրի ողջ տարածքում բացվել է ավելի քան 3 հազար ընտրատեղամաս։

Ընտրություններ են անցկացվում 64 շրջաններում, այդ թվում՝ հինգ ինքնակառավարվող քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսում, Բաթումիում, Փոթիում և Ռուսթավիում։

Ընտրություններին հետևում է շուրրջ երեք տասնյակ միջազգային կազմակերպություն, ըստ «Ազատության» վրացական ծառայության՝ գրեթե 13 անգամ պակաս, քան 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ։

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) առաքելություն չի ուղարկել Վրաստան։ Քվեարկության ընթացքին չեն հետևի նաև Վրաստանում դիտորդական գործունեության հարցում փորձառու «Արդար ընտրություններ», «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» և «Transparency International Georgia» տեղական խոշոր կազմակերպությունները։

Ընտրություններին մասնակցում է 12 կուսակցություն, նրանց թվում են նաև ընդդիմադիր ուժեր, սակայն առաջատար ընդդիմադիր կուսակցությունները՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիան», «Միացյալ ազգային շարժումը», բոյկոտել են։

Ընդդիմության մի մասը մտադիր է այսօր հանրահավաք անցկացնել Թբիլիսիի կենտրոնում և հայտարարել է «կառավարության խաղաղ տապալման» ծրագրերի մասին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ի պատասխան զգուշացրել է՝ «յուրաքանչյուր փոքրիկ անակնկալի» կպատասխանեն «մեծ անակնկալով»։


XS
SM
MD
LG