Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված արարքների համար՝ հարձակում ոստիկանի վրա, սահմանադրական կարգը բռնի փոխելու կամ պետական իշխանությունը տապալելու կոչեր, գույքը վնասելը կամ ոչնչացնելը, խմբային բռնության կազմակերպում, ղեկավարում կամ մասնակցություն, ինչպես նաև ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտի զավթման կամ արգելափակման փորձ:
Իրավիճակը Թբիլիսիում այս պահին՝ լուսանկարներով
«Վրացական երազանք» իշխող ուժի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, ելույթ ունենալով կուսակցության գրասենյակում, հայտարարել է․ «Այսօր ես ձեզ վստահեցնում եմ՝ նրանք, ովքեր դեռ սեր են տածում իրենց հայրենիքի, Վրաստանի նկատմամբ, ամբողջ աշխարհում ամենանախանձելի մարդիկ են։ Մենք կանգնած ենք շատ ամուր և պահում ենք իրավիճակը։ Այդպես էլ պետք է լինի, ճանապարհը կախված է միայն ձեզանից, միայն հասարակությունից»,- հայտարարել է միլիարդատեր քաղաքական գործիչը։
Իվանիշվիլին անդրադարձել է նաև Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցող բողոքի ցույցերին՝ պնդելով, թե այնտեղ հավաքվածները փոքրամասնություն են կազմում։
«Ինչպե՞ս կարող է (բնակչության) 80 տոկոսը աջակցել կուսակցությանը, իսկ 10 հազար մարդ հեղաշրջում իրականացնի։ Անհնար է», -ասել է Վրաստանի իշխող ուժի առաջնորդը:
Մայրաքաղաքի գրեթե բոլոր ընտրատեղամասերի քվեաթերթիկների նախնական արդյունքների համաձայն, ըստ Վրաստանի ԿԸՀ-ի, Կախա Կալաձեն երրորդ անգամ ընտրվել է Թբիլիսիի քաղաքապետ։
Ըստ հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ իշխող ուժի առաջնորդներից Կալաձեի օգտին քվեարկել է ընտրողների 71.56 տոկոսը, նրա մրցակիցների՝ Իրակլի Կուպրաձեի օգտին՝ 12.45 տոկոսը, Յագո Խվիչիանի՝ 7.52 տոկոսը, Զուրաբ Մախարաձեի՝ 4.12 տոկոսը։
ԿԸՀ- ի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթում է նաև այլ քաղաքներում և շրջաններում:
Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեի խոսքով՝ «բողոքի ակցիայի մասնակիցների անօրինական գործողությունների, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակիցների վրա տարբեր առարկաներ նետելու հետևանքով վնասվածքներ է ստացել ՆԳՆ 14 աշխատակից, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում»։
Թբիլիսիում՝ երկրի նախագահական նստավայրի մոտ, իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ցուցարարների մի մասը բարիկադներ է կառուցում։ Արձանագրվել են ակցիայի մասնակիցների ձերբակալություններ, սակայն ստույգ թիվ ՆԳՆ-ն չի հայտնել:
Բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև: Ոստիկանությունը շարունակում է ջրցան մեքենա կիրառել:
Հատուկ նշանակության ուժերը սկսել են ջրցան մեքենաներ կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար:
Վրաստանում՝ նախագահական նստավայրի մոտ (Օրբելիանի պալատ), ընդդիմադիրների հավաքի ժամանակ իրավիճակը լարվել է:
«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը հայտնում է, որ ցուցարարները փորձում են մտնել նախագահական նստավայր, տեղում ցանկապատը կոտրված է, հատուկջոկատայինները փորձում են նրանց դուրս մղել պղպեղի սփրեյի միջոցով:
Կան տուժածներ։
Նշվում է, որ նախքան դեպի Օրբելիանի շարժվելը «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչներից Մուրթազ Զոդելավան ասել է, որ «այսօր կսկսի գործել տղամարդկային ուժը», և որ կպահանջեն նախագահական նստավայրի բանալիները:
«Դա կլինի առաջին քայլը», - ասել է նա:
Այսօր երկրում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, որոնց մասնակցում է 12 կուսակցություն, նրանց թվում են նաև ընդդիմադիր ուժեր, սակայն առաջատար ընդդիմադիր կուսակցությունները՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիան», «Միացյալ ազգային շարժումը», բոյկոտել են։ Ընդդիմությունը հայտարարել է «կառավարության խաղաղ տապալման» ծրագրերի մասին։
Երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ի պատասխան զգուշացրել է՝ «յուրաքանչյուր փոքրիկ անակնկալի» կպատասխանեն «մեծ անակնկալով»։
Վրաստանում բողոքի ակցիաներ են ընթանում արդեն գրեթե մեկ տարի. Թբիլիսիում խորհրդարանական վիճահարույց ընտրություններից հետո սկսված ցույցերը նոր թափ հավաքեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ երկիրը մինչև 2028 թվականը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։