Վրացիները կարողանում են սպիտակն ազատորեն տարբերել սևից. Իվանիշվիլի

Մեր քաղաքացիները կարողանում են սպիտակն ազատորեն տարբերել սևից, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողներին ասել է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

Չնայած իրավապաշտպան կազմակերպությունների պնդումներին, թե ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն խիստ քաղաքական ճնշումների ֆոնին, միլիարդատերն ընդգծել է, որ իշխող կուսակցությունն ապահովել է քաղաքացիների ազատ կամարտահայտման հնարավորությունը:

«Ինչ հայտարարություններ էլ հնչեն այսօր, եթե դրանք հիմնված չեն օբյեկտիվության վրա, վրաց հասարակությունն արդեն չի արձագանքում դրանց», - ասել է նա՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին:

Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր ուժերը բոյկոտում են ՏԻՄ ընտրությունները, որին ընդհանուր առմամբ մասնակցում է 12 կուսակցություն։ Մայրաքաղաք Թբիլիսիի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 9 թեկնածու, այդ թվում՝ գործող քաղաքապետ Կախա Կալաձեն։

Ընդդիմության մի մասը մտադիր է հոկտեմբերի 4-ին հանրահավաք անցկացնել Թբիլիսիի կենտրոնում և հայտարարել է «իշխանությունը խաղաղ տապալելու» պլանների մասին: Վրաստանի վարչապետ, «Վրացական երազանք»-ի առաջնորդ Իրակլի Կոբախիձեն օրենքի խախտման դեպքում երկարատև ազատազրկմամբ է սպառնացել ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին:

Գրանցված ընտրողների ընդհանուր թիվը 3.5 միլիոնից ավելի է:

Ընտրություններն անցկացվում են 64 համայնքներում, ներառյալ հինգ ինքնակառավարվող քաղաքներում՝ Թբիլիսի, Քութաիս, Բաթում, Փոթի և Ռուսթավի: