Վարչապետ Փաշինյանը դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, փոխանցել է Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը ապրիլի 23-ին ՀՅԴ կազմակերպած ջահերով երթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրման առնչությամբ։
«Վարչապետ Փաշինյանը դատապարտում է գործելակերպը՝ այն համարելով անպատասխանատու և անընդունելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, առավել ևս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ և հրահրող գործելակերպ է», - նշել է Բաղդասարյանը։
Մամուլի քարտուղարը հավելել է, որ միևնույն ժամանակ վարչապետ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ արձակված կրակոցները, Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտումները և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քննության առնել այդ դեպքերը և հանդես գալ պարզաբանումներով։
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները երեկ երեկոյան կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, հայտնել էր Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ տուժածներ չկան: