Մատչելիության հղումներ

Թեև լրագրողին հարվածած ոստիկանն ազատվել է աշխատանքից, բայց քրեական գործ դեռ հարուցված չէ


Երեկ ուղիղ եթերում բողոքի ակցիա լուսաբանող լրագրողին հարվածած ոստիկանը թեև նույն օրն ազատվել է աշխատանքից, բայց քրեական գործ դեռ հարուցված չէ՝ Քննչական կոմիտեից փոխանցեցին՝ երեկ երեկոյան են հաղորդումը ստացել, այս պահին ուսումնասիրում են:

Այս նույն ոստիկանը 2 տարի առաջ՝ երևանյան «Գինու օրեր»-ի ավարտին, իրեն չենթարկվող ու հայհոյող երիտասարդին մեկ հարվածով գետնին էր տապալել, հենց նա էր նաև «Ֆիզգորոդոկ» կոչվող թաղամասում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին կրկին հարվածել տեսախցիկների առաջ:

Երեկվա միջադեպից հետո համացանցում քննարկումներ սկսվեցին՝ ինչո՞ւ է նախորդ երկու դեպքերից հետո Ալեքսանդր Ազարյանը շարունակել աշխատել ոստիկանությունում: Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ տարակուսում է՝ այն, ինչ տեղի է ունեցել երեկ ուղիղ եթերում, լրացուցիչ ապացույցների կարիք չունի և միայն աշխատանքից ազատելը բավարար չէ:

«Եթե քաղաքացու ցանկացած փոքր վրիպակի, զանցանքի, համացանցում որևիցե գրառման վերաբերյալ շատ արագ իշխանությունները արձագանքում են, ակնհայտ տեսանելի տեսանյութի առկայության պարագայում ընդամենն աշխատանքից հեռացումն ու որևէ գործողություն չիրականացնելն ինձ համար առնվազն անհասկանալի է», - ասաց Կարապետյանցը:

Երեկվա ուղիղ եթերի կադրերում երևում է, թե ինչպես է լրագրող Մերի Մանուկյանը միկրոֆոնը դեպի ոստիկանը մեկնած մոտենում, որ հարցեր տա, Ալեքսանդր Ազարյանը թեքվում և սկսում է բղավել նրա վրա, իսկ երբ գործընկերները փորձում են նրան տարածքից հեռացնել, լրագրողն էլ մյուս ոստիկաններին է դիմում հարցնելով՝ «տեսա՞ք ինչպիսի վարք դրսևորեց ձեր գործընկերը», Ազարյանը վերադառնում և ուժգին հրում է լրագրողին:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասում է՝ վերջին 20 տարվա համեմատ ոստիկանության գործելաոճում դրական փոփոխություններ կան, բայց՝ «մենք ապրում ենք 21-րդ դարում, և մեր երկրում ենթադրաբար տեղի է ունեցել հեղափոխություն, հասարակությանը տրվել են խոստումներ և ահռելի գումար ու ռեսուրս է ծախսվել հատկապես ոստիկանության բարեփոխման ուղղությամբ: Այդ համատեքստում, ես կարծում եմ, մենք չունենք բավարար արդյունք»:

Իրավապաշտպանը բողոքի ակցիաներից բացի նաև հիշեցնում է ոստիկանական բաժինմունքներում չդադարող բռնության դեպքերը, դրանցից ամենավերջինը ամիսներ առաջ էր. տղամարդն «Ազատությանը» պատմել էր՝ ոստիկաններն իրեն բերման են ենթարկել ուժ կիրառելով, բռունցքով սեղմած պահելով պարանոցն ու դեմքը, իսկ հետո ոստիկանության բաժանմունքում լայն կպչուն ժապավենով փակել են բերանը, մոտ 15 հոգով ոտքերով հարվածել մարմին տարբեր հատվածներին ու դեմքին հետո թքել վրան: Մինչև այս պահն այս դեպքում որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել:

«Անգամ այն իրավիճակներում, երբ մենք ունենք տեսանյութ, օրենքի տառին համապատասխան ռեալ արդյունքների շատ մեծ դժվարությամբ ենք հասնում կամ չենք հասնում», - ասաց Կարապետյանցը:

Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե վերջին 2 տարում քանի՞ ոստիկանի նկատմամբ է քրեական գործ հարուցվել, ի՞նչ ընթացքում են այդ գործերն ու դրանցից քանի՞սն է դատարան ուղարկվել, կոմիտեից ասացին, որ նման վիճակագրություն իրենք չեն վարում: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հակաիրավական տարբեր արարքներ թույլ տրված ոստիկանների նկատմամբ, անցած տարի իրականացվել է 1911 ծառայողական քննություն, 53 ծառայող ազատվել է աշխատանքից, նախաձեռնվել է 46 քրեական վարույթ: Իսկ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ 206 կարգապահական տույժ է կիրառվել, 9 ծառայող էլ ազատվել է աշխատանքից: Բայց, պաշտոնական այս վիճակագրությունում առանձնացված չեն, թե որ դեպքում է ոստիկանը խոչընդոտել ցուցարարի կամ լրագրողի աշխատանքը:




XS
SM
MD
LG