Հեղուկ գազն ավելի է թանկացել՝ որոշ լցակայաններում լիտրն արդեն վաճառվում է 180 դրամով: Ու մինչ շուկայի խաղացողներն ու սպառողները խնդրի կարգավորմանն են սպասում, բեռնափոխադրողներն անանուն մնալու պայմանով ահազանգում են՝ Վրաստանում հայ վարորդներից կաշառք են պահանջում:
«Գալիս են, մոտենում են, եթե ուզում ես շուտ դուրս գաս, անկախ նրանից ինչ մեքենայով ես՝ դատարկ ես, թե բեռնված, 400-500 դոլար վճարում ես կաշառք՝ քեզ դուրս են հանում, դու գնում ես հաջորդ անցակետը», - ասաց «Ազատության» զրուցակիցը:
Այս ահազանգն «Ազատություն»-ը դեռ անցած շաբաթ էր ստացել՝ հեղուկ գազի շեշտակի՝ շուրջ 50-տոկոսանոց թանկացումից առաջ: Վառելիք ներկրողներն ու վաճառողները Վրաստանում հերթերում կանգնած հարյուրավոր բեռնատարների մասին են հայտնում: Կառավարությունը մինչ այս պահը խնդրի պատճառների մասին որևէ պարզաբանում չի ներկայացրել:
Ոլորտի անցուդարձին քաջատեղյակ «Ազատության» աղբյուրի տեղեկություններով՝ վրացիները գազ բերող մեքենաներից 1500 դոլար են պահանջում Հայաստան մուտքը թույլատրելու համար, հակառակ դեպքում հայ վարորդները ստիպված են լինում ամռան տապին երկարուձիգ օրեր անցկացնել հերթերում:
Անանուն մնալու պայմանով «Ազատությանը» հայտնել են, թե առերևույթ կոռուպցիոն սխեմա է գործում. գործարքը Հայաստանում գտնվող միջնորդի մասնակցությամբ է կայանում, վրացական կողմում գազ բերող մեքենա ունեցողները գումարն այստեղ այդ միջնորդին են փոխանցում, հետո կապվում են ու թույլ տալիս բեռնատարներին շարժվել:
Կաշառքի մասին տեղեկությունները շրջանառվում են արդեն մի քանի օր, սրա մասին գրում են նաև էկոնոմիկայի նախարարի ֆեյսբուքյան էջում. Գևորգ Պապոյանն առայժմ հեղուկ գազի ուշացման պատճառների մասին ոչինչ չի հայտնել, ժամանակ առ ժամանակ միայն տեղեկացնում է, թե գազ տեղափոխող քանի բեռնատար է հատել սահմանը: Նախօրեին Պապոյանը սոցցանցում տեղեկացրեց՝ քննության համար կաշառքի մասին բոլոր մեկնաբանություններն ուղարկելու է Հակառուպցիոն կոմիտե. - «Սա կարևոր է, քանի որ, եթե իրոք կաշառք կա, ապա սա ևս պետք է բացահայտվի և վրացական կոլեգաներին տեղեկացվի։ Շնորհակալ եմ համագործակցության և տեղեկատվության համար»:
Հակակառուպցիոն կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին՝ նախարարի գրությունն արդեն ստացել են: Կսկսվի քննություն, թե՝ ոչ, առայժմ չեն հստակեցնում:
Պապոյանը երկու օր առաջ գրել էր, թե չորս օրվա ընթացքում ավելի քան 140 գազ բերող բեռնատար է Հայաստան հասել, նախարարը կարծիք էր հայտնել, թե գինը կնվազի, հիմա, սակայն, ուղիղ հակառակն է տեղի ունենում:
Ինչո՞ւ վառելիքը չի էժանանում, գուցե բեռնափոխադրողները ենթադրյալ կաշառքի ծա՞խսն են հանում. այս հարցերին պաշտոնյաները չեն անդրադառնում: Այսօր ավելի քան մեկ ժամ տևած Կառավարության նիստին թեմայի վերաբերյալ որևէ բառ չհնչեց, էկոնոմիկայի նախարարն էլ չցանկացավ լրագրողների հետ շփվել:
Պարզաբանումների համար «Ազատություն»-ը մի քանի օր առաջ է նրա ղեկավարած գերատեսչություն դիմել, պատասխան չունենք:
Այս օրերին քիչ չեն նաև պնդումները, թե վառելիք վաճառողները փորձում են գերշահույթ ստանալ: Հեղուկ գազի շուկան, մինչդեռ, մրցակցությունը պաշտպանող հանձնաժողովի ուշադրության կենտրոնում չէ, ասում են՝ շուկան ազատ է, ներկրողները՝ շատ, հակամրցակցային պայմանավորվածությունների ռիսկն էլ՝ ցածր: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից էլ հայտնում են, թե իրենք գները վերահսկելու գործառույթ չունեն:
Վառելիք վաճառող ամենախոշոր ցանցերից մեկից պնդում են՝ հեղուկ գազը կվերադառնա նախկին գնին, երբ վերականգնվեն կանոնավոր մատակարարումները: «Ազատության» զրուցակցի պնդմամբ՝ այլ երկրների մեքենաները Վրաստանում նման խնդիրների չեն բախվում:
Իսկ Թբիլիսիից առաջին արձագանքը կա. վրացական կողմն իր տարածքում հայկական բեռների արգելափակման մասին լուրերը ապատեղեկատվություն ու լիակատար սուտ է որակել, Թբիլիսիի գնահատմամբ՝ թեման քաղաքականացնելու փորձ է արվում:
Վրաստանի ֆինանսների նախարարությունը պնդում է՝ բեռնաշրջանառության աճի պայմաններում մաքսային բոլոր ընթացակարգերը հատուկ ռեժիմով են իրականացվում՝ մեքենաների անխափան անցումն ապահովելու համար:
Ըստ վրացական կողմի՝ Կազբեկի անցակետում կարճ ժամանակով աննշան ուշացում է եղել , որն ամբողջությամբ կարգավորվել է, իսկ այն տեսանյութերը, որտեղ կանգնած բազմաթիվ բեռնատարներ են երևում, Թբիլիսիի գնահատմամբ՝ իրականությունը ցույց չեն տալիս:
Տարածված հաղորդագրությունում, սակայն, կաշառքի մասին ահազանգերի վերաբերյալ ոչ մի բառ չկա: