Մատչելիության հղումներ

Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. Սիրանուշ Սահակյան


Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյան, արխիվ
Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյան, արխիվ

«Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր», - «Ազատությանն» այսօր փոխանցեց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ գերիները օրերս հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ, որոնց ժամանակ էլ հայտնի է դարձել ինքնասպանության փորձերի մասին: Առանց անուններ հնչեցնելու Սահակյանը միայն տեղեկացրեց, որ ինքնասպանության փորձ իրականացնողները եղել են ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այլ մյուս գերիների շրջանում:

«Ցավոք, չեմ կարող որոշակիացնել ... Այսինքն՝ Կարմիր Խաչի այցելությունների դադարից հետո նման փորձեր են եղել, կրկնվել են, ինչը ցույց է տալիս ուղղակի կապը Կարմիր Խաչի գործունեության դադարեցման, մեկուսացվածության և մարդկային տառապանքների հետ», - ընդգծեց իրավապաշտպանը:

Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանն ահազանգում է՝ գերիները շուրջ երկու ամիս է հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ, որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել: Նրանց պահման, առողջական ու հոգեբանական վիճակի մասին տեղեկություն չկա:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ հայ գերիներին տեսակցել էին հունիսին: Միջազգային այս կառույցն այսօրվանից Ադրբեջանի իշխանությունների պահանջով վերջնականապես դադարեցրեց իր գործունեությունը Բաքվում:

«Այս օրերին տեղի են ունեցել հեռախոսազանգեր, և ընտանիքները մեզ փոխանցեցին, որ այդ զրույցների միջոցով արդեն իսկ նրանց համար նկատելի են եղել առողջական լուրջ խնդիրներ և իհարկե հոգեբանական ծանր վիճակ: Հուսալքությունը խորանում է», - ընդգծեց Սիրանուշ Սահակյանը:

Պաշտոնական տվյալներով՝ Բաքվի բանտերում 23 հայ գերիներ են պահվում:


Առավել մանրամասն տե՛ս այստեղ


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG