«Հա՛յ, հա՛յ, Հայաստա՛ն, հա՛յ, հա՛յ, Հայաստա՛ն, շատ ուրախ ենք, շատ աղվոր խաղցան, խենթանալիք, խենթանալիք... »: Հատուկ Հայաստան-Իռլանդիա հանդիպումը դիտելու համար Լիբանանից Երևան եկած երիտասարդներն ու ավելի քան 10 հազար մյուս երկրպագուները երեկ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտից բավարարված հեռացան. Հայաստանի հավաքականը հաղթեց գրեթե մեկ տարվա դադարից հետո՝ 2:1.
«Յալլա , մերսի շատ, միշտ պիտի գանք, որ միշտ հաղթենք... »:
Երկրպագուները գոհ են նաև ընտրանու խաղի որակից, մի քանի օր առաջ Պորտուգալիայի հետ անհաջող հանդիպումից հետո երեկ հավաքականը շատ ավելի լավ տեսք ուներ.
«Մենք կարող էինք խփել 2-3 գնդակ ավել, չստացվեց, ոչինչ, մյուս խաղը կլրացնի մեր հավաքականը... »:
«Գրավեց հարձակողական ֆուտբոլը, ինչպես ասել էր պարոն Մելիքյանը, անակնկալը ճիշտ գնահատվեց... »:
«Շատ լավ էր, շատ լավ էմոցիոնալ խաղ էր, շատ հոյակապ խաղ էր, շատ բոմբ խաղ էր, շատ հետաքրքիր խաղ էր... »:
«Մենք շատ լավ հաղթանակ տարանք, որովհետև մենք ընկանք երկրորդ տեղ, և մեր շանսերը ավելացան, որ գնանք աշխարհի չեմպիոնատներ... »:
Առաջին խաղակեսի ավարտին 11-մետրանոցից խաղի հաշիվը բացեց Էդուարդ Սպերցյանը, երկրորդ խաղակեսի մեկնարկին Հրանտ-Լեոն Ռանոսը կրկնապատկեց թիմի առավելությունը, հետո ընտրանին մեկ գոլ բաց թողեց: Վերջին րոպեներին մարզադաշտը հոտնկայս սպասում էր մրցավարի՝ խաղի ավարտն ազդարարող սուլիչին:
«Հույս ունեմ՝ վերջինը չի լինի, միշտ սենց էմոցիաներով դուրս կգանք մարզադաշտից ... Ապրեն տղեքը, ապրի մեր մարզիչը, հրաշք էր ամեն ինչ, շնորհակալ եմ շատ... »:
Խաղից հետո հավաքականի գլխավոր մարզիչը խոստացավ՝ հաղթանակից թիմը զգոնությունը չի կորցնի:
«Հաստատ ես այնպիսի աշխատանք ու ոճ ունեմ, որ ես չեմ թուլացնի ոչ մի րոպե, եթե 10 խաղ էլ իրար հետևից կրենք, ես ոչ մի անգամ չեմ թուլանում ու չեմ թուլացնի իմ թիմին: Ամեն խաղ ունի իրա պատասխանատվությունը ու իրա արժեքը», - հայտարարեց Եղիշե Մելիքյանը:
Խաղից հետո շնորհավորանքների ու ուրախության պակաս չկար, ֆուտբոլիստները երկրպագուների հետ էին նշում հաղթանակը:
Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նույնպես ստորագրություններ էր բաժանում, լուսանկարվում երկրպագուների հետ:
Աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին երկու հանդիպումներից հետո Հայաստանի հավաքականը 3 միավարով խմբում երկրորդն է, 6 միավորով միանձնյա առաջատարը Պորտուգալիան է: ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեքսիկայում հաջորդ տարի կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր կնվաճի առաջին տեղը զբաղեցրած թիմը, որակավորման փուլը երկրորդ տեղում ավարտած թիմն անցումային մրցավեճերում կխաղա:
Խմբի մյուս մրցակցի՝ Հունգարիայի հետ Հայաստանի ընտրանին ուժերը կչափի հաջորդ ամիս Բուդապեշտում: Ապա կկայանան պատասխան հանդիպումները: