Մատչելիության հղումներ

«Ես թաղապետի հարցով չեմ զբաղվի, կան իրավապահներ». Փաշինյանի արձագանքը թաղապետարանի ծեծկռտուքին


«Որևէ բռնություն չի կարող ընդունելի լինել մեզ և ինձ համար, դա «Քաղաքացիական պայմանագրի» գաղափարախոսության մաս է», - խորհրդարանի ամբիոնից հայտարարեց վարչապետը՝ անդրադառնալով Նորք Նորք վարչական շրջանի թաղապետարանի շենքում տեղի ունեցած բռնությանը:

Պատգամավորը հարցրեց՝ այդ դեպքում ինչո՞ւ է պաշտոնավարում ակտիվիստին ծեծի ենթարկած թաղապետը, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ թաղապետի հարցով ինքը չի զբաղվելու, այդպես էլ չպատասխանելով պատգամավորի մյուս հարցին՝ արդյոք կիսո՞ւմ է Երևանի ավագանիում ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության այն դիրքորոշումը, որ այդ ծեծը Հայաստանի ինքնիշխանության համար էր:

«Դատապարտում եմ կոնկրետ դեպքը, որքան տեղյակ եմ՝ Երևանի մեր գործընկերները այդ խնդիրը կոմունիկացրել են նաև մեր կոալիցիոն գործընկերներին: Թաղապետի հարցով պետք է զբաղվեն իրավապահները, իսկ երբ հարցը դառնա քաղաքական հարց, դա ունի նաև քաղաքական գործիքներ, որոնք կկիրառվեն»,- հավելեց Փաշինյանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ դա եղել է կոռուպցիոն կասկածների մասին ակտիվիստների ահազանգից հետո, վարչապետը պնդեց. - «Կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված որևէ մարդ չի կարող լինել մեր թիմից, եթե պարզվի, որ ներգրավված է, ինքը չի կարող լինել մեր թիմից»:

Նոր Նորքի թաղապետարանում ապրիլի 30-ի ծեծի դեպքով մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով մեղադրանք է առաջադրվել 4 հոգու, այդ թվում՝ թաղապետին։ Երևանի խնդիրների մասին ահազանգող ակտիվիստ Արթուր Չախոյանն ու ավագանու ընդդիմադիր անդամն էլ մեղադրվում են խուլիգանության համար:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG