Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Դոնալդ Թրամփի հղած ուղերձում ասված է.
«Ամերիկայի ժողովրդի և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ։
Մեր ժողովուրդների միջև ամուր կապերն ու համատեղ արժեքները շարունակում են մնալ մեր երկու երկրների միջև կայուն բարեկամության հիմքը։ Մենք կշարունակենք ամրապնդել այդ կապերը մեր ռազմավարական գործընկերության միջոցով, որը կհզորացնի երկու երկրները և կստեղծի նոր հնարավորություններ՝ համագործակցելու այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, արհեստական բանականությունը, տեխնոլոգիաները և տրանզիտային ենթակառուցվածքները»:
«Ինձ համար մեծ պատիվ էր հյուրընկալել Ձեզ 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ խաղաղության ուղղությամբ մեր նվաճումը միասին նշելու համար։ Մենք ակնկալում ենք բացահայտել Հայաստանը որպես «Խաղաղության խաչմերուկ» ներկայացնելու Ձեր գեղեցիկ տեսլականի, ինչպես նաև Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) ամբողջ ներուժը. դրանք երկուսն էլ կխորհրդանշեն մեր փոխադարձ հանձնառությունը և կստեղծեն իրական տնտեսական առավելություններ», - գրում է ԱՄՆ նախագահը՝ շնորհավորելով Հայաստանի վարչապետին և բոլոր հայերին Անկախության օրվա առթիվ։