Մատչելիության հղումներ

«145 միլիոն դոլար՝ «Թրամփի ուղուն». ընդդիմությունը նախագծի անորոշությունից է խոսում


«Թրամփի ուղու» նախագծի շրջանակներում ԱՄՆ-ը մտադիր է Հայաստանին 145 միլիոն դոլարի աջակցություն տրամադրել: Այդ մասին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը տեղեկացրել է Երևան ժամանած ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը:

«Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով», - նշել է Հենրեհենը:

Թե որքան կկազմի ֆինանսական հաջորդ մասնաբաժինը, և ընդհանուր այս նախագծի ֆինանսավորումը որքան կարժենա, որևէ տեղեկություն չկա: Պարզ չէ նաև ԱՄՆ հատկացվելիք այս աջակցությունը ի՞նչ կարգով է տրամադրվելու, այն դրամաշնո՞րհ է, թե՞ դրանք այն ներդրումներ են, որոնք պետք է իրականացվեն «Թրամփի ուղու» ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ:

«Թրամփի ուղիով գործելու է մաքսային ծառայություն». ՊԵԿ նախագահ

Մինչ ԱՄՆ արդեն հայտարարում է «Թրամփի ուղու» ֆինանսավորման մասին, Հայաստանում այս նախագծի դետալների շուրջ անորոշությունը պահպանվում է:

Այսօր խորհրդարանում ընդդիմադիրները հարցեր էին ուղղում ՊԵԿ նախագահին, թե մասնավորապես ի՞նչ կարգով են ադրբեջանցիները Հայաստանի տարածքով անցնելու, արդյոք հայաստանցի մաքսավորը գործելո՞ւ է այդ ճանապարհին: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը վստահեցրեց՝ «Թրամփի ուղին» ենթադրում է մաքսային ծառայության առկայություն, բայց թե ի՞նչ կարգով, ՊԵԿ նախագահը տեղյակ չէր:

«Այո, ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մաքսային ծառայությունն այդտեղ գործելու է, ինչ վերաբերում է դետալներին, դրանք դեռ քննարկման առարկա են: Այնուամենայնիվ, անկախ դրանից, մեր ընդհանուր քաղաքականությունը մաքսային տոտալ է, այսինքն, մենք բոլոր սահմաններին դյուրինացման ուղղությամբ բարեփոխումներ ենք անում», - ասաց Հակոբյանը:

«Փաստաթղթում առկա անորոշությունները բազմաթիվ հարցեր են առաջացնում». ընդդիմադիր պատգամավոր

Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանն այսօր խորհրդարանում նշեց, որ «Թրամփի ուղու» մասին ստորագրված փաստաթղթում առկա անորոշությունները բազմաթիվ հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Հայաստանի հանրությունը պետք է ստանա:

«Ի՞նչ պայմաններով ու ի՞նչ ժամկետով են տրվելու Մեղրիով անցնելու ադրբեջանցիների համար անխոչընդոտ ճանապարհի կառավարումը, շահագործման իրավունքները: Իրավական ի՞նչ ռեժիմ ու կարգավորումներ է այն ենթադրում՝ ՀՀ լիարժեք իրավազորություն, պետական ծառայությունների ազատ գործունեություն, թե՞ այլ, հանրությունը պետք է իմանա: Ինչպե՞ս է արտահայտվելու փոխադարձության սկզբունքը», - ասաց Գալստյանը:

Ի դեպ, ընդդիմադիրներից Թադևոս Ավետիսյանն իր ելույթում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ստորագրված հռչակագրում բացակայում է փոխադարձության սկզբունքը: Եթե Հայաստանի տարածքով Ադրբեջանը ստանում «անխոչընդոտ հաղորդակցություն», ապա Ադրբեջանի տարածքով Հայաստանի բեռների համար անխոչընդոտ անցման դրույթ պարզապես չկա: Հռչակագրում Հայաստանի համար ամրագրված է «միջազգային ու ներպետական հաղորդակցություն՝ փոխադարձ առավելություններով» ձևակերպումը. «Դրա դիմաց իրականում Հայաստանը չի ստանալու որևէ փոխադարձ առավելություն»:

Ընդդիմադիր պատգամավորը հարց տվեց իշխանականներին՝ երբ նրանք կորցնեն իշխանությունը և դառնան գործարարներ, պատրա՞ստ են ադրբեջանական 850 կմ ճանապարհով գնալ Ռուսաստան. «Ադրբեջանի տարածքով ձեր արտադրած բեռները, ձեր ուղեկցությամբ, գնացքով կամ ավտոմոբիլով կտանե՞ք դեպի Ռուսաստան այդ ճանապարհով»:

Ընդդիմադիրներից Արթուր Խաչատրյանն էլ հավելեց՝ իրական ապաշրջափակման մասին կարելի էր խոսել, եթե այդ նույն հռչակագրում ամրագրվեր, որ Հայաստանն էլ կոնկրետ երթուղիներով ստանում է անխոչընդոտ անցում, ինչպես որ դա արվել է Ադրբեջանի դեպքում:

«Տեքստում պետք է գրված լիներ, որ Հայաստանը ստանում է անխոչընդոտ անցում Ադրբեջանով Սյունիքից մինչև Արարատի մարզ, Ադրբեջանով դեպի Ռուսաստանի Դաշնություն և Ադրբեջանով դեպի Կասպից ծով, սա կլիներ շրջափակման ճեղքում մասնակի: Թուրքիան նույնպես պետք է միանար և բացեր ճանապարհները», - ընդգծեց Խաչատրյանը:

Անդրադառնալով փոխադարձության սկզբունքին՝ «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանն էլ հորդորեց իշխանությանը ի վերջո պատասխանել հարցին՝ այն ռեժիմով, որով ադրբեջանցիները անցնելու են Հայաստանով, արդյոք այդ նույն կարգով հայերը կարո՞ղ են անցել Ադրբեջանի տարածքով:

«Ինչ ռեժիմ ուզում եք նկարագրեք, ռոբոտներով, առանց ռոբոտների, դա փոխադարձաբար Ադրբեջանում լինելո՞ւ է, թե՞ ոչ», - նշեց Վարդանյան:

«Դժբախտության վաճառականներ». Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

Այս ելույթներին ի պատասխան իշխող ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընդդիմադիրներին անվանեց «դժբախտության վաճառականներ»:

«Ոնց որ էն թաղումների ժամանակ փողով լացողներ կային, չէ՞, դրանցից լինեք», - ասաց Կոնջորյանը:

Իշխող ուժի խմբակցության ղեկավարը զգուշացրեց ընդդիմությանը՝ «թույլ չեն տալու խաղաղությունը խլել հայ ժողովրդից, որքան էլ նրանք փորձեն այս գործընթացը վիժեցնել»:




Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG