Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում զբոսաշրջիկների վրա զինված հարձակումից երկու շաբաթ անց Հնդկաստանն ու Պակիստանը պաշտոնապես թևակոխեցին պատերազմական փուլ։
Երկու երկրները փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց տարածքների վրա։ Այս ռազմական գործողությունները վերջին տարիների ամենալայնածավալ զինված բախումն է միջուկային մրցակիցների միջև։
Պակիստանը հայտնում է, որ այսօր վաղ առավոտյան Հնդկաստանի զինված ուժերի կողմից իրականացված հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է 31 մարդ, հաղորդվում է շուրջ հինգ տասնյակ վիրավորի մասին։ Պակիստանը հայտարարել է, որ իր պատասխան գործողությունների արդյունքում հնդկական հինգ ռազմական ինքնաթիռ է խոցվել, և սպառնացել է է՛լ ավելի ծանր հարվածներ հասցնել:
Իր հերթին, Նյու Դելին հայտարարել է տասը զոհի, տասնյակ վիրավորների մասին՝ Պակիստանի զինված ուժերի կողմից իրականացված «կամայական» հրետակոծության հետևանքով, Քաշմիրը բաժանող փաստացի սահմանագծի՝ վերահսկման գծի երկայնքով։
Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը պնդում է, որ ի տարբերություն հարևան երկրի բանակի, Հնդկաստանի զինուժը թիրախավորել է բացառապես «ահաբեկչական ենթակառուցվածքներ», որոնք կապ ունեն շաբաթներ առաջ արյունալի հարձակում իրականացրած իսլամիստ զինյալների հետ:
«Վարչապետ Նարենդրա Մոդիի ղեկավարությամբ մեր զինված ուժերը ոչնչացրել են ահաբեկչական ճամբարները՝ նախկինի պես՝ տալով համարժեք պատասխան։ Մեր գործողությունները ձեռնարկվել են պատշաճ ճշգրտությամբ։ Մենք թիրախավորել են բացառապես նրանց, ովքեր սպանել են մեր անմեղ մարդկանց, հնդիկ զինվորականները գործել են այնպես, որպեսզի քաղաքացիական անձինք չտուժեն», - հայտարարել է Սինգհը:
Իսլամաբադը, մինչդեռ, ահեղ պատասխանով է սպառնում՝ իր դեմ հարվածները որակելով սադրան: Երկրի պաշտոնական դիրքորոշումը հնչեցրել է բանակի խոսնակ Ահմեդ Շարիֆ Չաուդհրին. - «Չհրահրված, որևէ կերպ չարդարացված ագրեսիա մեր պետության, Պակիստանի տարածքային ամբողջականության և անմեղ մարդկանց դեմ։ Պակիստանի ուժերը, ժողովրդի լիակատար աջակցությամբ, ուժեղ և լիարժեք պատասխան են տալիս թշնամու այս արարքին»։
Երկու երկրների միջեւ տասնամյակների լարվածությունը կտրուկ սրվեց անցած ամիս, երբ Նյու Դելիի և Իսլամաբադի միջև կռվախնձոր դարձած Քաշմիրի հնդկական հատվածում մի խումբ զինված անձինք կրակ բացեցին հնդիկ զբոսաշրջիկների վրա՝ սպանելով 26 մարդու, վնասվածքներ հասցնելով ևս 17-ին։
Հարևաններն այդ տարածքի շուրջ վիճում են արդեն 70 տարի, այդ ընթացքում էլ մի քանի պատերազմ են մղել։ Սահմանային բախումներն այս տարածաշրջանի շուրջ երկար ժամանակ անկայունության աղբյուր են Հարավային Ասիայում: Քաշմիրը բաժանված է Հնդկաստանի և Պակիստանի միջև, սակայն երկու երկրներն էլ պնդում են, որ այս շրջանն ամբողջությամբ պետք է իրենց պատկանի։ Քաշմիրը Նյու Դելիի և Իսլամաբադի միջև երեք պատերազմներից երկուսի հիմնական պատճառն է եղել։
1989 թվականից հնդկակական կողմում գտնվող Քաշմիրի մի մասում զինված ապստամբներ են գործում, որոնք հարձակումներ են իրականացնում ինչպես անվտանգության ուժերի, այնպես էլ խաղաղ բնակիչների դեմ ։ Տարիների ընթացքում հակամարտության զոհ են դարձել տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ, ապստամբներ և կառավարական ուժերի ներկայացուցիչներ։ Ապրիլի 22-ի հարձակումը դարձավ վերջին 20 տարվա ընթացքում այս տարածաշրջանում տեղի ունեցած թերևս ամենախոշորն ու ամենաարյունալին:
Արյունահեղությունը կրքեր բորբոքեց Հնդկաստանում, վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարեց, որ գետնի տակից կգտնեն ոչ միայն հարձակվողներին, այլև նրանց ցուցում տվողներին՝ ստիպելու այնպիսի պատասխանատվություն կրել, որը դուրս է զինյալների երևակայությունից։
Հնդկաստանը տեղի ունեցածում ուղիղ մեղադրեց Իսլամաբադին։ Հնդկական ոստիկանությունն անուններ հրապարակեց՝ պնդելով, որ չորս կասկածյալներից երկուսը Պակիստանի քաղաքացիներ են, մեկն էլ Քաշմիրի՝ Հնդկաստանի կողմից վերահսկվող տարածքի բնակիչ։
Պակիստանի իշխանությունները կտրականապես հերքում են իրենց մասնակցությունն այդ հարձակմանը, Իսլամաբադը նախազգուշացնում էր՝ «Հնդկաստանի ցանկացած ռազմական արկածախնդրության կտրվի վճռական պատասխան»:
Անցած երկու շաբաթվա ընթացքում կողմերը փոխադարձ կոշտ քայլեր են ձեռնարկել՝ դիվանագետների արտաքսումից մինչև սահմանային անցակետերի փակում:
Քաղաքական ցավոտ որոշումներին զուգահեռ, երկու երկրների սահմաններին ժամանակ առ ժամանակ փոխհրաձգություն էր տեղի ունենում, ինչը, շատերի համոզմամբ, լայնածավալ հարձակման մեկնարկի ազդանշան էր։
Իրադարձությունների գրեթե նույն հաջորդականությունն ուներ 2019-ի սրացումը, այն ժամանակ էլ մահապարտ ահաբեկչի մասնակցությամբ պայթյուն տեղի ունեցավ, որը 45 հնդիկ ոստիկանի կյանք խլեց։ Ի պատասխան՝ Նյու Դելին պատժամիջոցներ կիրառեց հարևան երկրի դեմ, ապա հարվածներ հասցրեց զինյալների ճամբարներին, դրան էլ հաջորդեցին օդային մարտեր և հնդկական կործանիչի խոցում։
Չնայած այս կորուստներին՝ այն ժամանակ նման ելքը համարվում էր թեթև, Հնդկաստանի եւ Պակիստանի քաղաքական գործիչներն ի վերջո կարողացան պայմանավորվել, և հակամարտությունը մարեց:
Կառավարություններն աշխարհով մեկ ուշադիր հետևում են երկու միջուկային տերությունների միջև անկանխատեսելի իրավիճակին՝ զանգվածային ոչնչացման զենք ունեցող խոշորագույն երկրներին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և խուսափել իրադրությունն է՛լ ավելի սրելու քայլերից: