Մատչելիության հղումներ

Փաշինյան-Էրդողան հանդիպումից ժամեր անց ԻՀԿ ԱԳ նախարարները միացան Հայաստանից Ադրբեջանի պահանջներին. Երևանը հիասթափված է


ԻՀԿ արտգործնախարարների 51-րդ նիստի մասնակիցները, Ստամբուլ, 21-ը հունիսի, 2025թ.
ԻՀԿ արտգործնախարարների 51-րդ նիստի մասնակիցները, Ստամբուլ, 21-ը հունիսի, 2025թ.

Խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի. Հայաստանի արտգործնախարարությանը խորապես հիասթափեցրել են Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Ստամբուլի ամփոփիչ հռչակագրի և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերի ձևակերպումները:

Ամփոփիչ հռչակագրում ձևակերպված են Հայաստանից ադրբեջանական մի շարք պահանջներ:

Իսլամական երկրները կոչ են անում Երևանին հաղթահարել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խանգարող մնացած իրավական ու քաղաքական խոչընդոտները և այդպիսով դադարեցնել Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարումը։

Բացի այդ, դատապարտել են, որ Հայաստանը հրաժարվում է երկխոսել «արևմտյան ադրբեջանական համայնքի հետ», վերահաստատել են նրանց վերադարձի իրավունքը՝ իրենց ծագման վայրեր՝ ներկայիս Հայաստանի տարածքում:

Ստամբուլյան հավաքում Ադրբեջանի նախաձեռնությամբ Հայաստանին դատապարտող ևս երկու բանաձև է ընդունվել:

Պաշտոնական Երևանը հիշեցրել է՝ Հայաստանն է առաջարկում առանց հետաձգման ստորագրել համաձայնագիրը, ինչպես նաև՝ կառուցողական լուծումներ գտնել Ադրբեջանի կողմից բարձրացվող մի շարք հարցերի կապակցությամբ: Թե, մասնավորապես, ո՞ր հարցերի, կամ ի՞նչ լուծումներ, Երևանից չեն մանրամասնել:

ԱԳ նախարարությունը կոչ է անում վերոնշյալ հռչակագրին և բանաձևերին միացած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին՝ վերանայել և վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից:

Արտաքին գերատեսչությունը «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը համարում է տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ, հիշեցնում, որ ԽՍՀՄ վերջին տարիներին հեռացած ադրբեջանցիները կա՛մ վաճառել, կա՛մ գույքի փոխհատուցում են ստացել Հայաստանի կառավարությունից: Ցավոք, նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում՝ Բաքվում, Սումգայիթում և այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ և բռնի տեղահանում, իսկ նույնօրինակ վերջին դրսևորմանը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023 թվականի աշնանը, երբ ավելի քան 115 հազար հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը՝ ենթարկվելով էթնիկ զտման, ասված է հայտարարությունում:

Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն ու Ղարաբաղյան հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է դարձրել փաստաթղթի ստորագրման նախապայման: Թեև Հայաստանի իշխանությունը հայտարարում է, թե Մայր օրենքի փոփոխությունը ներքին հարց է, բայց և վարչապետն արդեն իր կարծիքը հայտնել է՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին: Հենց հռչակագրում Հայաստանի ու Ղարաբաղի վերամիավորման մասին ձևակերպումն են ադրբեջանցիները համարում տարածքային պահանջ: Երևանը Մինսկի խմբի լուծարմանը դեմ չէ, պատրաստ է Ադրբեջանի հետ դիմում ներկայացնել համաձայնագրի կնքման օրը:

Ադրբեջանի նախագահը վերջերս Հայաստանի հետ խաղաղության հաստատման կարևորագույն նախապայման նաև ադրբեջանցիների վերադարձը համարեց:

Հայաստանի վարչապետը հայտարարել է՝ Հայաստանի Հանրապետությունում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», չնայած դրան, նրա ադրբեջանցի գործընկերը պնդում է՝ «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցն իրենց օրակարգից դուրս չի գա այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն վերադարձել:

Ընդդիմադիր Տիգրան Աբրահամյանը զուգահեռներ է տանում արցախցիների վերադարձի շուրջ Հայաստանի իշխանության լռության ու Ադրբեջանի կողմից «արևմտյան ադրբեջանցիների» հարցն ակտիվորեն առաջ մղելու միջև:

«Հայաստանյան կառավարչի` արցախցիների իրավունքների պաշտպանությունից և, մասնավորապես, հավաքական վերադարձից ու Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքների թեմայից հրաժարվելու պայմաններում, Ադրբեջանը միջազգային օրակարգ է հրում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը, որը ներառում է ներկայիս Հայաստանի զգալի մասը», - հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:

56 երկրների հետ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ է նաև Թուրքիան:

Եվս մեկ ապացույց, որ Թուրքիան Հայաստանի հետ բանակցում է նախապայմաններով. ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսպես է մեկնաբանում Իսլամական համագործակցության կազմակերպության հռչակագիրը:

Այս հայտարարությունը Փաշինյանի ստամբուլյան բանակցություններից ժամեր հետո հնչեց: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ֆորմալ նախապայմաններ չկան, բայց Անկարան հայ - թուրքական կարգավորումը շարունակում է պայմանավորել հայ - ադրբեջանական կարգավորմամբ:

«Փաշինյանի այս բոլոր՝ ճարտար լեզվով համոզումները, գրառումները, թե շարունակվում են Թուրքիայի հետ բանակցությունները, երկխոսությունը, փուչ է, դատարկ է: Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողմին, Թուրքիան մշտապես հայտարարել է, որ հայ - թուրքական հարաբերությունների նորմալացումը պայմանավորված է բացառապես Հայաստան - Ադրբեջան հարաբերությունների նորմալացմամբ: Ի դեպ՝ նորմալացում ասելով Ադրբեջանը միշտ հասկացել է Հայաստանի կողմից իրենց բոլոր պայմանների հլու-հնազանդ կատարումը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արթուր Խաչատրյանը:

Վարչապետի ստամբուլյան այցն արդյունավետ համարող իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իսլամական երկրների հայտարարությունը խնդրահարույց համարում է, բայց որ նաև Թուրքիան Հայաստանից պահանջներ ունի, այնքան էլ համաձայն չէ:

«Խնդիր կա, որ նման հայտարարություն կա, և էդ խնդիրը պետք է լուծել աշխատանքներով՝ հենց շփումներով ու երկխոսությունով անդամ բոլոր երկրների հետ, եթե դա հնարավոր է, էդ խնդիրը պետք է էդպես հաղթահարել». - «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Ալեքսանյանը:

«Դե շատ լավ, բայց դա կազմակերպություն է առանձին վերցրած, որը ինչ-որ առանձին երկրի դիրքորոշում չի արտահայտում՝ սա ամեն դեպքում պետք է ֆիքսենք, էլի, դրանք տարբեր երևույթներ են», - նշեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը:

Հարցին՝ «այն, որ սա հաջորդեց Թուրքիա այցին, և այս հավաքն էլ Ստամբուլում է տեղի ունեցել, դարձյալ չի՞ վկայում Թուրքիայի դիրքորոշման մասին, Թուրքիան էլ այս կազմակերպության անդամ է և ստորագրել է սրա տակ», իշխանական պատգամավորն արձագանքեց. - «Ես կարող եմ ասել, որ առնվազն էդ խոսույթը թուրքական կողմից էնքան չկա, ինչքան որ դա կուզենային ադրբեջանցիները, որ լիներ»:

Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ են ոչ միայն Հայաստանի չորս հարևաններից երեքը՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը, այլև ԱՊՀ շրջանակում չորս դաշնակիցները՝ Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG