Սիրիայի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաան չորեքշաբթի կայցելի Փարիզ:
Սա երկրում Բաշար ալ Ասադի վարչակազմի տապալումից հետո իշխանության եկած նոր առաջնորդի առաջին եվրոպական այցն է, որը տեղի է ունենում Սիրիայում ազգային ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ վերջին շրջանում սկսված բռնությունների ֆոնին։
Շարաան, որը բանակցություններ կվարի Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, ՄԱԿ-ից Փարիզ մեկնելու թույլտվություն է ստացել, քանի որ նա պատժամիջոցների ցուցակում է դեռ գտնվում՝ նախկինում իսլամիստական զինված խմբավորում «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը (նախկինում «Ալ-Քաիդայի» մասնաճյուղ) ղեկավարելու պատճառով։
Ֆրանսիական կողմի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները կքննարկեն, թե ինչպես ապահովել Սիրիայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, փոքրամասնությունների վիճակը ալևիների ու դրուզների դեմ վերջին հարձակումներից հետո, տնտեսական աջակցության համակարգումը, ներառյալ պատժամիջոցների թուլացումը:
«Ակնհայտ է, որ, հաշվի առնելով Սիրիայի առջև ծառացած հսկայական խնդիրները, Ֆրանսիայի և Սիրիայի հիմնական միջազգային գործընկերների աջակցության ակնկալիքներ կան», - ասել է Ֆրանսիայի նախագահության ներկայացուցիչը: