Դատավոր Արտուշ Գաբրիելյանը երկու ամսով կալանավորվել է: Քրեական հետապնդում հարուցելու՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) թույլտվությունից հետո դատարանը բավարարել է Հակակոռուպցիոնի միջնորդությունը: 60-ամյա Գաբրիելյանը «Վարդաշենի» բանտում է, որտեղ սովորաբար պահվում են նախկին կամ ներկայիս պաշտոնյաները:
Փաստաբան Արմեն Թևանյանն ապօրինի է որակում Գաբրիելյանին կալանավորելու որոշումը, բայց հրաժարվում է այլ մանրամասներ հաղորդել, մասնավորապես՝ ինչու ընտրվեց ամենախիստ խափանման միջոցը, եթե կա նաև գրավի կամ տնային կալանքի տարբերակը:
«Ինձ ո՞վ կարա տապալի գետնին, ես եմ սաղ կյանքում բոլորին տապալել», - դեռ երեկ՝ Բարձրագույն դատական խորհրդի շենքի առջև լրագրողներին ընդամենը սա էր ասել դատական համակարգի հնաբնակը, որի 22 տարվա գործունեությունը կասեցվեց ԲԴԽ-ի որոշմամբ: Կաշառք ստանալու համար մեղադրվող Գաբրիելյանը դատական նիստերի դահլիճ կարող է վերադառնալ արդարացվելուց հետո: Այս հոդվածով 7-12 տարի ազատազրկում է նախատեսված:
Թե ինչ չափի կաշառքի մասին է խոսքը, ումից է վերցրել կամ պատրաստվել վերցնել, իրավապահները չեն մանրամասնում: Հայտնի է, որ մեղադրյալ են նաև նրա ընկերն ու օգնականը: Փաստաբանները ևս լուռ են: Երեկ մյուս փաստաբանը՝ Ալեքսանդր Կոչուբաևն էր հերքել մեղադրանքը. - «Ի սկզբանե մամուլի տեղեկություններ այն էին, որ կաշառք է ստացել, ես ուզում եմ դա հերքել, ոչ, չի ստացել: Իսկ թե համաձայնությունը տվել է, թե՝ ոչ, պնդում, որ պարոն Գաբրիելյանը որևէ հանցակազմի հետ կապ ունի, և՛ գլխավոր դատախազի, և՛ տեղակալի կողմից չեն փաստարկվել»:
Փաստաբանը նաև ասել էր, որ կա հեռախոսային խոսակցություն, որից, ինչպես պնդել էր, պարզ չէ՝ կաշառքի մասին է խոսքը, թե՝ ոչ, դրանք համատեքստից կտրված խոսքեր են. - «Մեր գնահատմամբ՝ բացառապես բամբասանքներ, կցկտուր հեռախոսային խոսակցություններ՝ առանց առարկայացման, թե ով ում հետ ինչ է պայմանավորվել, ինչի շուրջ է պայմանավորվել, կոնտեքստից առանձին խոսակցություններ են բերվել, պետք է նստենք առնվազն ամբողջը նայենք»:
Արտուշ Գաբրիելյանն առաջին դատավորն է, որն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով: Գործն արդեն դատարանում է, դատախազությունը Գաբրիելյաններից պահանջում է հօգուտ պետության վերադարձնել 5 անշարժ գույք, 4 ավտոմեքենա, ավելի քան 62 միլիոն դրամ և մեկ տան՝ շուկայական միջին արժեքի չափով գումար:
Գաբրիելյանն անցած սեպտեմբերին խիստ նկատողություն էր ստացել դատավորների անկախությունը երաշխավորող կառույցից: Բարձրագույն դատական խորհուրդը որոշել էր, որ դատարանի դահլիճից հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի փախուստի հարցում մեղքի բաժին ունի նաև դատավորը: Գաբրիելյանն առարկել էր, պնդել, որ ինքը դատավոր է, ոչ թե՝ անվտանգության աշխատակից:
«Ես պետք է անվտանգության աշխատակցի դերը կատարեի, որ կանգնեի տվյալ անձի կողքը, որ այդ անձը չդիմեր փախուստի, հիմա չհասկացա՝ մենք արդարադատությո՞ւն ենք իրականացնում, թե՞ անվտանգության աշխատակից ենք, - ասել է Գաբրիելյանը և նշել, - դատական նիստի ընթացքում հայտնվեց ևս մեկ պաշտպան՝ Ալումյան Հայկ, որը դատարանին միջնորդեց, որ՝ «դատական նիստը մեկ օրով հետաձգեք, իմ պաշտպանյալի իրավունքները խախտել եք, հայերեն ռուսերեն տարբերակով ինտերպոլի հետ զրույցը չենք ներկայացրել, որպեսզի ինքը իմանա ինչի համար է հետախուզվում և դրա հիման վրա էլ միջնորդության վերաբերյալի իր կարծիքը հայտնի»: Պարզ է՝ ես չեմ հետաձգել մեկ օրով, ես հետաձգեցի ընդամենը 15 րոպե»:
Արտուշ Գաբրիելյանը վերջին տարիներին հայտնի դարձավ հնչեղ գործերի քննությամբ: Ոստիկանական գունդ գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործն էր քննում, պարբերաբար լեզվակռվի մեջ հայտնվում խմբի անդամների հետ: Նա նաև նախկին իշխանության մի շարք ներկայացուցիչների կալանքի միջնորդություններ է բավարարել, ինչի համար պարբերաբար քննադատության էր արժանանում ընդդիմության կողմից: