Լրագրողին հարվածած ոստիկանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Երեկ ուղիղ եթերում բողոքի ակցիա լուսաբանող լրագրողին հարվածած ոստիկանը երեկ ազատվեց աշխատանքից, այսօր էլ օրվա ավարտին հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել բռնություն գործադրելով ծառայողական լիազորությունները չարաշահելու հոդվածով: Ոստիկանն առայժմ մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունի:

Այս նույն ոստիկանը 2 տարի առաջ՝ երևանյան «Գինու օրեր»-ի ավարտին, իրեն չենթարկվող ու հայհոյող երիտասարդին մեկ հարվածով գետնին էր տապալել, հենց նա էր նաև «Ֆիզգորոդոկ» կոչվող թաղամասում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին կրկին հարվածել տեսախցիկների առաջ:

Երեկվա միջադեպից հետո համացանցում քննարկումներ սկսվեցին՝ ինչո՞ւ է նախորդ երկու դեպքերից հետո Ալեքսանդր Ազարյանը շարունակել աշխատել ոստիկանությունում:

Երեկվա ուղիղ եթերի կադրերում երևում է, թե ինչպես է լրագրող Մերի Մանուկյանը միկրոֆոնը դեպի ոստիկանը մեկնած մոտենում, որ հարցեր տա, Ալեքսանդր Ազարյանը թեքվում և սկսում է բղավել նրա վրա, իսկ երբ գործընկերները փորձում են նրան տարածքից հեռացնել, լրագրողն էլ մյուս ոստիկաններին է դիմում հարցնելով՝ «տեսա՞ք ինչպիսի վարք դրսևորեց ձեր գործընկերը», Ազարյանը վերադառնում և ուժգին հրում է լրագրողին:

«Ես վստահաբար կարող եմ պնդել, որ ոստիկանի գործունեությունը չեմ խոչընդոտել, երբ արդեն բուն գործողությունը բերման ենթարկելու, ես նոր մոտենում, սկսում եմ իրեն հարց տալ: Կոնկրետ իմ մասնագիտական գործունեությունը խոչընդոտվել է, նախ, ինքը ինձ հարվածեց, ես կորցրի իմ ինքնատիրապետումը, ինչպես նաև ինքնազգացողությունս մի պահ վատացավ, սկսեցի դժվար շնչել, երբ սկսեցի փոքր-ինչ կազդուրվել, հետ եմ գնում արդեն հարցնում եմ փոխոստիկանապետին՝ Կարենին Հակոբյան, իր աչքի առաջ ամեն ինչ տեղի ունեցավ: Ցավալին այն է, որ ոստիկանության բարձրաստիճան սպան այնտեղ կանգնած, տեսնելով ինչ է տեղի ունեցել, ցույց տվեց, որ ոչինչ չի տեսել և ծառայողական քննությունն ամենը կպարզի

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ տարակուսում է՝ այն, ինչ տեղի է ունեցել երեկ ուղիղ եթերում, լրացուցիչ ապացույցների կարիք չունի և միայն աշխատանքից ազատելը բավարար չէ:

«Եթե քաղաքացու ցանկացած փոքր վրիպակի, զանցանքի, համացանցում որևիցե գրառման վերաբերյալ շատ արագ իշխանություններն արձագանքում են, ակնհայտ տեսանելի տեսանյութի առկայության պարագայում ընդամենն աշխատանքից հեռացումն ու որևէ գործողություն չիրականացնելն ինձ համար առնվազն անհասկանալի է», - ասաց Կարապետյանցը:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասում է՝ վերջին 20 տարվա համեմատ ոստիկանության գործելաոճում դրական փոփոխություններ կան, բայց՝ «մենք ապրում ենք 21-րդ դարում, և մեր երկրում ենթադրաբար տեղի է ունեցել հեղափոխություն, հասարակությանը տրվել են խոստումներ և ահռելի գումար ու ռեսուրս է ծախսվել հատկապես ոստիկանության բարեփոխման ուղղությամբ: Այդ համատեքստում, ես կարծում եմ, մենք չունենք բավարար արդյունք»:

Իրավապաշտպանը հիշեցնում է նաև ոստիկանական բաժանմունքներում չդադարող բռնության դեպքերը, դրանցից ամենավերջինը ամիսներ առաջ էր. տղամարդն «Ազատությանը» պատմել էր՝ ոստիկաններն իրեն բերման են ենթարկել ուժ կիրառելով, բռունցքներով սեղմած պահելով պարանոցն ու դեմքը, իսկ հետո ոստիկանության բաժանմունքում լայն կպչուն ժապավենով փակել են բերանը, մոտ 15 հոգով ոտքերով հարվածել մարմին տարբեր հատվածներին ու դեմքին, հետո թքել վրան: Այս դեպքով որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաստաբանը պնդում է՝ ոստիկաններն իր պաշտպանյալի նկատմամբ անհարկի են ուժ կիրառել. ՆԳՆ-ից արձագանքել են

«Անգամ այն իրավիճակներում, երբ մենք ունենք տեսանյութ, օրենքի տառին համապատասխան ռեալ արդյունքների շատ մեծ դժվարությամբ ենք հասնում կամ չենք հասնում», - ասաց Կարապետյանցը:

Անցած տարվա բողոքի ակցիաներից հետո ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառած ոստիկաններից որևէ մեկը ևս դեռ քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Փոխարենը դատարանի առաջ են կանգնել մի շարք ցուցարարներ:

Հելսինկյան ասոցիացիայի դիտարկումները ցույց են տալիս, որ վերջին տարիներին խոշտանգման հոդվածով անցնող ոստիկաններն ավելի հաճախ պաշտոնի առաջխաղացումներ են ունեցել, քան պատասխանատվության ենթարկվել, ասում է կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը:

Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե վերջին 2 տարում քանի՞ ոստիկանի նկատմամբ է քրեական գործ հարուցվել, ի՞նչ ընթացքում են այդ գործերն ու դրանցից քանի՞սն է դատարան ուղարկվել, պատասխանեցին, այդպիսի վիճակագրություն չեն վարում: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անցած տարի հակաիրավական տարբեր արարքներ թույլ տրված 53 ծառայող ազատվել է աշխատանքից, այս տարվա առաջին երեք ամիսներին արդեն 9 ոստիկան է գործից ազատվել: Բայց, պաշտոնական այս վիճակագրությունում առանձնացված չեն, թե որ դեպքում է ոստիկանը խոչընդոտել լրագրողի աշխատանքը կամ բռնություն կիրառել ցուցարարի նկատմամբ: